00:00:00

Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կրկին հարվածել «իրանամետ ուժերին»

15:30, 31 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացրել է հեռախոսազրույցներ Իսրայելի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ, որոնց ընթացքում բացատրել է Սիրիայում եւ Իրաքում «Հեզբոլահ» շիիթական խմբավորումների ուղղությամբ վերջին հարվածները, հայտնում է պետդեպարտամենտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ը հարվածել էր Իրաքում եւ Սիրիայում «Հեզբոլահ» շարժման հինգ օբյեկտների ուղղությամբ՝ «ի պատասխան իրաքյան բազաների ուղղությամբ «Քաթաիբ Հեզբոլահ»-ի կրկնվող հարվածներին»։ Պենտագոնում բացատրել են, որ այդ գործոությունները ձեռնարկվել էին ի պատասխան Քիրքուքի մերձակայքում շարժման իրաքյան բազայի հարվածներին, որոնց հետեւանքով զոհվել էր ԱՄՆ-ի քաղաքացի եւ վիրավորվել չորս ամերիկացի զինծառայող։ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին «Հեզբոլահը» հովանավորելու մեջ։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո պետքարտուղարը «կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կձեռնարկի վճռորոշ քայլեր իր քաղաքացիներին եւ նրանց շահերը իրանյան սպառնալիքներից պաշտպանելու համար»։ Իր հերթին, Աբու Դաբիի (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահայանը աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի հարվածներին։ «Պետքարտուղար Պոմպեոն եւ թագաժառանգ Ալ Նահայանը հայտնել են իրենց խորին հիասթափությունը Իրաքի կոալիցիոն ուժերի վրա «Քաթաիբ Հեզբոլահ»-ի հարձակումների կապակցությամբ։ Պետքարտուղարն ու թագաժառանգը համաձայնել են, որ ԱՄՆ-ի գործողությունները, որոնք ձեռնարկվել էին ի պատասխան կոալիցիայի շահերի պաշտպանության, կրել են պաշտպանողական, համաչափ եւ արդարացված բնույթ»,-ասվում է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ Իր հերթին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բիլ Սալման ալ Սաուդը համաձայնվել է Պոմպեոյի հետ, որ «իրանյան ռեժիմն ու նրա վստահված անձինք շարունակում են մնալ տարածաշրջանում ապակայունացնող ուժ եւ որ պետություններն իրավունք ունեն պաշտպանվել այդ սպառնալիքներից»։ «Պետքարտուղարն ընդգծել է, որ իրանյան ռեժիմի կամ ցանկացած ազգության դրա ներկայացուցիչների կողմից հարձակումները, որոնք վնաս են հասցնում ԱՄՆ-ին, մեր դաշնակիցներին կամ շահերին, կստանան վճռական պատասխան, ինչպես դա ցուցադրվել էր երեկ»,-նշվում է հայտարարության մեջ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր