Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Հարի Հարիսը ստիպված է եղել բացատրել, թե ինչու է աճեցրել բեղերը, քանի որ կորեացիներին դա վիրավորել է, հաղորդում է Lenta-ն՝ The Telegraph-ի վրա հղումով:
«Այդպիսով ես ցանկանում էի նշել իմ կյանքում տեղի ունեցած փոփոխությունը՝ ռազմական սպայից դարձել եմ դիվանագետ: Ես ցանկանում էի ավելի բարձրահասակ դառնալ, սակայն չստացվեց, ցանկանում էի երիտասարդանալ, սակայն նույնպես չստացվեց: Սակայն ես կարող էի բեղեր աճեցնել, եւ այդպես էլ արեցի»,- ասել է նա:
Դեսպանը նշանակվել է 2018-ի ամռանը: Մինչ այդ նա 40 տարի ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում:
Նրա բեղերը դուր չեն եկել կորեացիներին այն պատճառով, որ 1905-1945 թվականներին Կորեական թերակղզին կառավարող ճապոնացի գեներալ նահանգապետերը եւս բեղեր են կրել: Իրավիճակը ոչ միանշանակ է ընդունվել նաեւ այն պատճառով, որ Հարիսը ամերիկացի նավաստիի եւ Ճապոնիայի քաղաքացուհու որդին է:
Դեսպանը հավաստիացրել է, որ ներկայացնում է միայն ԱՄՆ-ի շահերը, այլ ոչ թե ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի: Նա հրաժարվել է ազատվել բեղերից:
Կորեացիները դժգոհ են ԱՄՆ դիվանագիտության վերջին քայլերից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայից տարեկան 5 մլրդ դոլար է պահանջել, որպեսզի ԱՄՆ զորքերը մնան թերակղզում: