00:00:00

Լիբիայի կառավարությունը հանդես է եկել Թուրքիայի ռազմական միջամտության դեմ

18:58, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո Լիբիա զորք ուղարկելու հնարավորության մասին, Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) հանդես է եկել ընդդեմ Անկարայի կողմից ինտերվենցիայի, հայտնում է DW-ն: «Կենտրոնական կառավարությունը լիբիական հողում օտարերկրյա զինվորների չի ընդունի»,- դեկտեմբերի 27-ին Die Welt պարբերականի հետ զրույցում հայտարարել էր Լիբիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Քաբլավին: Նա հայտարարել էր, որ կցանկանար որպես միջազգային միջնորդ տեսնել Գերմանիային: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ն արդեն Թուրքիայից պաշտոնապես օգնություն է հայցել: Էրդողանը հինգշաբթի հայտնել էր, որ հունվարի սկզբին Թուրքիայի խորհրդարանից թույլտվություն է խնդրելու Լիբիա զորք ուղարկելու համար, որպեսզի աջակցի ԱՀԿ-ին, որը ղեկավարում է Ֆաիզ Սարաջը: Թուրքական կողմի գործողություններն ուղղված են գեներալ Խալիֆ Հաֆթարի զորքի դեմ: Միաժամանակ, Հաֆթարի Լիբիական ազգային բանակի հրամանատարությունը պնդում է, որ իր ստորաբաժանումները Տրիպոլիի կենտրոնից ընդամենը 10 կմ հեռավորության վրա են: Մայրաքաղաքի հարավում Հաֆթարի զորքն արդեն գրավել է մի շարք կարեւոր դիրքեր, ներառյալ շահագործումից դուրս եկած միջազգային օդանավակայանը եւ ռազմաբազան: Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից եւ 2011 թվականին նրա սպանությունից հետո Լիբիայում տարբեր խմբավորումների եւ խմբակցությունների միջեւ պայքար էր սկսվել իշխանության համար: Այս կոնֆլիկտը հանգեցրել էր քաղաքացիական պատերազմի, որը շարունակվում է մինչ օրս, եւ երկրում փաստացի երիկիշխանության: Լիբիայում արյունահեղությունը դադարեցնելու համար ՄԱԿ աջակցությամբ ստեղծվել է Ազգային համաձայնության կառավարություն՝ Ֆաիզ Սարաջի ղեկավարությամբ, որը տեղակայված է Տրիպոլիում: Իսկ երկրի արեւելքում՝ Թոբրուքում, նիստեր է անցկացնում ազգային խորհրդարանը՝ Ներկայացուցիչների պալատը, որն իրեն համարում իրական իշխանությունը եւ համաձայն չէ Սարաջի քաղաքականությանը: Թոբրուքում խորհրդարանը գեներալ Հաֆթարին նշանակել է «Լիբիական ազգային բանակի» հրամանատար: Հաֆթարը, ղեկավարելով ապստամբ բանակը, իր վերահսկողության տակ է վերցրել երկրի հարավում եւ արեւելքում տարածքների մի մասը, այդ թվում՝ մի քանի խոշոր նավթի հանքավայրեր, իսկ 2019 թվականի ապրիլից սկսել է Տրիպոլիի վրա հարձակումը: Լիբիացի գեներալին աջակցում են Եգիպտոսը, ԱՄԷ-ն եւ Ռուսաստանը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր