00:00:00

Բրազիլիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռում երեխայի ծնվելուց հետո

16:12, 10 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Աղջիկ է լույս աշխարհ եկել ինքնաթիռում, որը Սան Պաուլուից թռչում էր Չիլիի մայրաքաղաք Սանտյագո։ Միջադեպի կապակցությամբ օդաչուները ստիպված էին ինքնաթիռն իջեցնել Պորտու Ալեգրի (Բրազիլիայի հարավ) քաղաքում, որտեղ մորն ու մանկանը հանձնեցին բժիշկներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով G1 պորտալին։ Չիլիացի զույգը վերադառնում էր տուն՝ Ռիո դե Ժանեյրոյում արձակուրդից հետո։ Բժիշկը, որի հսկողության տակ էր գտնվում կինը, նրան տեղեկանք էր տվել, որը թույլ էր տալիս ավիաթռիչքներ կատարել՝ չնայած այն բանին, որ արդեն հղիության իններորդ ամսում էր։ Բայց Սան Պաուլուի տարանցիկ օդանավակայանից թռիչքից հետո, երբ օդանավը բարձրություն վերցրեց, ապագա մոր ցավերն սկսվեցին։ «Նա վատ էր զգում, կծկումները հաճախակիացել էին»,- պորտալը մեջբերում է երեխայի հոր՝ Մանուել Էռնանդեսի խոսքերը։ Սրահում շտապօգնության միանգամից երկու բժիշկ եւ բուժքույր կային, որոնք օգնեցին փոքրիկին լույս աշխարհ գալ։ «Նրա ծնունդի առիթով ծափահարում էր ողջ ինքնաթիռը»,- հիշում է հայրը։ Պորտու Ալեգրիում՝ Ռիու Գրանդի դի Սուլ նահանգի մայրաքաղաքում, ծնողներին եւ փոքրիկին իջեցրին ինքնաթիռից եւ հանձնեցին բժիշկների բրիգադին։ Պորտալի տեղեկատվությամբ՝ մոր եւ մանկան առողջությանը ոչինչ չի սպառնում։ 3,3 կիլոգրամ քաշով եւ 48 սանտիմետր հասակով նորածին աղջկան անվանեցին Տրինիդադ (իսպ. Երրորդություն)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր