Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Ստեփանակերտի ոստիկանների գործողությունների դեմ բողոքող կապույտ մազերով Ասյա Խաչատրյանի հեռախոսազրույցը 19-ամյա աղջկա կողմից սխալ է ներկայացվել և մեկնաբանվել: Այս մասին պաշտպանը նշել է «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: «Մենք ունեցել ենք բավական երկար խոսակցություն, մի քանի կցկտուր խոսքերը մեծ մասով սխալ են, երևի միակ հատվածը, որ մոտ էր իրականությանը, հայաստանցի-ղարաբաղցի հատվածն էր:
Խոսքը վերաբերում է մեր հեռախոսազրույցին: Ես հատուկ վերցրել եմ մեր հեռախոսազրույցի տևողությունը, այն տևել է 58 րոպե: Ես մանրամասն փորձել եմ բացատրել իր իրավունքների պաշտպանության եղանակները: Խրախուսել եմ մեզ դիմում ներկայացնել, փաստերը շարադրել, որ կարողանայինք անել այն, ինչ արդեն արել ենք»,-հավելել է Ռուբեն Մելիքյանը:
Ինչ վերաբերում է ներքին կարգով հարցը բարձրացնելուն, ապա Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ձեռքի տակ որևէ փաստ չունենալու դեպքում ինքն առավելագույնը դա կարող էր անել:
«Զանգել ջղայնանալ» բառերը գուցե ասել եմ, հավանաբար «բարկանալ» բառն եմ օգտագործել: Եթե որպես ՄԻՊ իմանամ որևէ խախտում է եղել, ես նրանց հետ կունենամ խոսակցություն, ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում: ՄԻՊ-ը մեծ ծավալով շփումներ է ունենում բոլորի հետ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պետական մարմինների, այդ թվում` ոստիկանության հետ: Որոշակի գործողություններին բացասական վերաբերմունք արտահայտելու մեջ որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասել է Ռուբեն Մելիքյանը: