Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ տեղեկացնում ենք հետևյալի մասին:
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում 04.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2009-2018թթ. ընթացքում Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Պետությանը պատճառված նախնական հաշվարկված վնասը կազմում է շուրջ 23.7մլրդ ՀՀ դրամ:
Քրեական գործով առկա տվյալներն առերևույթ վկայում են, որ իրավասու պաշտոնատար և ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց կողմից մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության բացակայության, պայմանագրերի գնի և բովանդակության, նախագծերի մեջ անհարկի ուանհիմն փոփոխություններ կատարելու արդյունքումնախատեսված ժամկետների խախտմամբ, շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ երթևեկության ժամկետի կրճատումը, Հայաստանի հարավը անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելը և այլն:
Այսպես՝
- Ինչպես գլխավոր կապալառուի ընտրության, այնպես էլ մյուս մրցույթներում սահմանված կանոնների կոպիտ խախտման արդյունքում հաղթող են ճանաչվել հավասար պայմաններում ավելի բարձր գին առաջարկած կազմակերպությունները, որոնք անարդյունավետ հսկողության և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական հանցանքների կատարման պայմաններում ամբողջությամբ ձախողել են Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման Ծրագիրը, խախտել բոլոր ժամկետներն ու պայմանագրային պարտավորությունները՝ անարդյունավետ ծախսելով 300մլն ԱՄՆ դոլարից ավելի վարկային գումարներ և պետական բյուջեի միջոցներ:
- Ծրագրի իրականացման ընթացքում տեխնիկական առաջադրանքի շրջանակներում նախապես կատարված հետազոտության հիման վրա Երևան-Արարատ հատվածում ճանապարհի բարվոք լինելու և միայն գծանշման, ջրատարների վերանորոգման աշխատանքների կատարման եզրակացության առկայության պայմաններում անհիմն որոշվել է դրա Երևան-Արտաշատ հատվածը բետոնապատել, իսկ նախապես որոշված ասֆալտե ծածկն առանց որևէ հիմնավորման փոխվել է բետոնե ծածկով: Դաայն պայմաններում, որ ՀՀ-ում չի արտադրվել ավտոճանապարհային հատուկ ցեմենտ, իսկ բետոնե ծածկույթում օգտագործվել է տեղական արտադրությանհամաշինարարական ցեմենտ: Արդյունքում ծրագրի Տրանշ-1-ի ճանապարհների բետոնե ծածկույթը չի համապատասխանել սահմանված տեխնիկական պայմաններին ու չափորոշիչներին և առաջացած անորակություններն ու անհարթությունները վերացնելու համար անհիմն կատարվել են չնախատեսված լրացուցիչ աշխատանքներ՝ ճանապարհի ֆրեզավորում և այլն: Այդ լրացուցիչ աշխատանքները չեն շտկել վիճակը, սակայն բոլոր դեպքերում Տրանշ-1-ի անորակ ճանապարհներն ընդունվել են շահագործման:
- Գլխավոր կապալառուների, ենթակապալառուների, խորհրդատու ընկերությունների կողմից շինարարական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրերով սահմանված ժամկետների խախտման, անորակ աշխատանքների կատարման և ընդունման, այլ խախտումների համար նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու փոխարեն իրավասու պաշտոնատար անձինք ստորագրել են համաձայնագրեր, որոնցով պատասխանատվությունն անհիմն ստանձնել է պատվիրատու հանդիսացող պետությունը և վճարել միլիոնավոր դոլարների անհիմն տուգանքներ: