00:00:00

Գյուլնարա Քարիմովայի նոր գործով հետաքննությունն ավարտվել է

03:35, 07 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը ավարտել է պետական միջոցների հափշտակման եւ երկրի շահերի դեմ գործարքներ կնքելու մասին երկրի առաջին նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովայի հանդեպ նոր գործի հետաքննությունը, հայտնում է հաստատության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Չորեքշաբթի օրը Քարիմովայի դուստր Իմանը Instagram-ի իր էջում հայտնել է, որ Ուզբեկստանի իշխանությունները կարող են «հինգերորդ անգամ» երկարաձգել իր մոր կալանավորման ժամկետը։ Քարիմովան 2015թ․ օգոստոսին դատապարտվել էր դրամաշորթության եւ հարկերից խուսափելու համար, իսկ 2017թ․ դեկտեմբերի 18-ին եւս մեկ գործի շրջանակներում նրա համար 10 տարվա ազատազրկում էր վճռվել։ Մարտի սկզբին Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ տնային կալանքի պայմանները խախտելու համար Քարիմովան տեղափոխվել է գաղութ։ Այս տարվա օգոստոսին դատախազությունը նոր՝ պետական միջոցների հափշտակման եւ երկրի շահերի դեմ գործարքներ կնքելու գործեր էր հարուցել երկրի առաջին նախագահի դստեր դեմ։ «Ներկայում գործով հետաքննությունն ավարտված է, Քարիմովան փաստաբանների մասնակցությամբ ծանոթանում է քրեական գործի նյութերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ Քարիմովային նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ կապված դրամաշորթության, յուրացնելու եւ վատնելու միջոցով հափշտակման, Ուզբեկստանի շահերին հակասող գործարքի կնքման եւ հանցավոր խմբավորման կազմակերպման հետ։ Մեղադրյալի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը։ Հետաքննվող քրեական գործի շրջանակներում հասցված վնասի չափը կազմել է ավելի քան 165 մլն դոլար եւ 85 մլրդ սում (մոտ 9 մլն դոլար), հստակեցնում է հաստատությունը։ «Գործով հետաքննության ընթացքում Քարմովա Գ․-ի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը իրականացնում են 7 փաստաբաններ, որոնց ընտրել է նա եւ նրա հարազատները»,- հավելել են գլխավոր դատախազությունում։ Նրա համար նաեւ ապահովված է բոլոր հետաքննչական գործողություններում փաստաբանների մասնակցությունը, նրանք առանց որեւէ սահմանափակման Քարիմովայի հետ առանձին հանդիպելու հնարավորություն ունեն։ Դատախազությունում հիշեցրել են, որ Ուզբեկստանի արդարադատության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում մի շարք արտասահմանյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Լատվիայի հետ՝ հանցավոր կերպով ստացած ավելի քան 1,3 մլրդ դոլարը վերադարձնելու համար, որոնց մասով եւս քրեաական գրծեր են հետաքննվում առանձին երկրներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր