00:00:00

Ադրբեջանի նախկին արտգործնախարարը բացասական է գնահատել Լավրովի այցը Բաքու

14:05, 05 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Minval կայքին տված հարցազրույցում ծայրահեղ բացասական է գնահատել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցի արդյունքները: Որպես իր գնահատականի պատճառ` ադրբեջանցի դիվանագետը նշել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի որոշակի հաջորդականությունը: Զուլֆուգարովը, մեկնաբանելով Լավրովի այն խոսքերը, որ հակամարտությունը պետք է լուծվի Ղարաբաղի բնակչության կամքը հաշվի առնելով, նշել է, որ այդ միտքը հակասում է բանակցությունների երկկողմ ձևաչափին: Զուլֆուգարովը հիշել է նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը մնում է նույնը, և ՌԴ-ն կարիք չի տեսնում ձևաչափի փոփոխման, քանի դեռ հակամարտության կողմերն իրենք նոր ձևաչափ չեն տեսնում: Զախարովայի հայտարարությունից Ադրբեջանի նախկին արտգործնախարարը եզրակացրել է, որ ՌԴ-ում որոշակի քննադատական մոտեցում կա Լեռնային Ղարաբաղի հարցում Լավրովի վարած քաղաքականության նկատմամբ: Ադրբեջանցի դիվանագետը նշել է, որ ինքը բացասական է գնահատում այցը նաև այն պատճառով, որ Լավրովից սպասվում էին նոր հայտարարություններ, իսկ նա «հին հայտարարություններ է արել փոխզիջումների մասին»: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-4-ը պաշտոնական այցով գտնվել է Բաքվում: Իսկ երեկ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին: Ադրբեջանական ԱԳ նախարարության տվյալներով՝ Բրատիսլավայում նախարարները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում «լայն քննարկումներ» են ունեցել: «Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները»,- նշվում է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր