00:00:00

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2017 թվականի տարեկան հաղորդումը

16:27, 03 ապրիլ 2018 Լեռնային Ղարաբաղ

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2018թ մարտի 31-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հրապարակել է 2017թ. գործունեության, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Փաստաթղթում ներկայացվել են տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդհանուր վիճակի, առանձին ոլորտներում մարդու իրավունքների խախտումների, արձանագրված խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված մարդու իրավունքների երաշխավորման մակարդակի բարձրացմանը: 2017թ-ին Պաշտպանի աշխատակազմը 150 անձանցից ստացել է 119 դիմում, որից 55-ը՝ գրավոր, 64-ը՝ բանավոր: Դիմումների և դիմումատուների քանակական տարբերությունը պայմանավորված է կոլեկտիվ դիմումներ ստանալու փաստով: 2017թ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը շարունակել է ուղղված լինել Արցախում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորմանը, կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացմանը, հանրության շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Արցախի քաղաքացիական հասարակության կառույցների, ԱՀ հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և միջազգային գործընկերների հետ համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը: Հաղորդմամբ Պաշտպանը իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել ԱՀ օրենսդրության մեջ և իրավակիրառական պրակտիկայում առկա որոշակի խնդիրների վրա (արդար դատաքննության իրավունքի, սեփականության իրավունքի, անձնական ազատության իրավունքի և այլ ոլորտներում)՝ հանդես գալով համապատասխան առաջարկություններով մատնանշված խնդիրների կարգավորման վերաբերյալ, ի թիվս այլոց, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունը։ Պաշտպանի հաստատությունը պատրաստակամություն է հայտնում արձանագրված և ցանկացած այլ ընդհանրական խնդիրների լուծման նպատակով ակտիվորեն գործակցել ինչպես ԱՀ պետական իրավասու մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ: 2017թ ընթացքում Պաշտպանը շարունակել է ակտիվ համագործակցությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի մի շարք կառույցների, միջազգային գործընկերների հետ: Այդ տեսանկյունից, հատկանշական են Պաշտպանի միջազգային այցերը և հանդիպումները ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունգարիայում և Ռումինիայում, որոնց ընթացքում Ռ.Մելիքյանը գործուն քայլեր է կատարել միջազգային կապերի ձևավորման և առկա կապերի ամրապնդման, Արցախի քաղաքացիների իրավունքներին առնչվող հիմնախնդիրների բարձրաձայնման և 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից իրագործված վայրագությունների վերաբերյալ ԱՀ ՄԻՊ զեկույցների հանրայնացման ու միջազգայնացման ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. տարեկան հաղորդմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր