00:00:00

Ամանորի միջոցառումների համար 2014- 2017-ին ծախսերը կազմել են 113-192մլն դրամ, 2018-2019-ին նոր իշխանությունը ծախսը հասցրել է 222-ից 325մլն դրամի

19:20, 20 նոյեմբեր 2019

Ամանորի միջոցառումներն այս տարի մայրաքաղաք Երեւանում ավելի թանկ կնստի հարկատուների հաշվին, քան նախորդ տարիներին։ Ինչպես հայտնի է օրեր առաջ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, տեղեկացնելով, որ կառավարության որոշման համաձայն նախատեսվել է 271 մլն 797 հզ. դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված մոտ 54 միլիոնին: Արդյունքում ստացվում է մոտ 325 միլիոն դրամ։ Քաղաքապետի մամուլի խոսնակը նաեւ նշել էր, որ կսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես, Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երևանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի և այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառների ցուցադրություն և այլն: Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով: Համերգը կսկսվի 23:00-ին: Ինչպես հայտնի է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին Հանրապետության հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը միշտ նույնն էր լինում։ Թավշյա հեղափոխությունից՝ քաղաքային իշխանության փոփոխությունից հետո փոխվեց նաեւ գլխավոր տոնածառը, սակայն դատելով Հայկ Մարությանի մամուլի խոսնակի գրառումից, կարելի է ենթադրել, որ նոր տոնածառ այս տարի ամեն դեպքում չի գնվելու։ Ինչ վերաբերում է տարատեսակ միջոցառումներին, եւ Երեւանի զարդարանքին, ապա դրանք եւս կրկնվող են։ Ուշագրավ է, սակայն գումարի հատկացման չափը։ Irakanum.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան, խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե նախորդ տարիներին որքան գումար է հատկացվել Երեւանում ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար։ Քաղաքապետարանից ստացված պատասխանի համաձայն, օրինակ 2014 թվականին Ամանորի միջոցառումների համար հատկացվել է 113.120.000 մլն դրամ։ 2015 թվականին այդ գումարը ավելացել է, կազմելով՝ 136.141.900 մլն ՀՀ դրամ։ Հաջորդ տարիներին եւս տրամադրվող ֆինանսական միջոցներն ավելացել են։ Այսպես՝ 2016-ին հատկացվել է՝ 157.180.200 մլն ՀՀ դրամ, 2017-ին՝ 192.478.000 մլն ՀՀ դրամ, 2018-ին՝ 222.351.800 մլն ՀՀ դրամ, իսկ ահա այս տարի հատկացված գումարը կազմում է շուրջ 325 միլիոն դրամ։ Ի դեպ քաղաքապետարանից մեզ հայտնել են, որ 2014-2018 թվականներին մայրաքաղաքում տոնական միջոցառումներ կազմակերպելու համար ՀՀ կառավարությունից միջոցներ չեն հատկացվել: Հավելենք, որ միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում, հետևյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ և «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ և «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երևանի քաղաքապետարանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր