Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Սարովում (նախկին փակ քաղաք Արզամաս-16), որտեղ գտնվում է Սերաֆիմ Սարովսկու հետ կապված վանքը, խորհրդային միջուկային զենքի ստեղծումը եղել է «աստվածային մտահղացման» մաս, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Սուրբ Տրոիցկյան Սերաֆիմ-Դիվեևոյի վանքում, սրբի մասունքների հայտնաբերման օրվա պատարագից հետո ելույթ ունենալով, Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը հայտարարել է, որ Սարովում գիտնականների, ինժեներների և աշխատավորների աշխատանքը հնարավորություն է տվել ստեղծել զենք, որը, նրա խոսքով, «կանգնեցրել է թշնամու՝ Հայրենիքը կործանելու և ստրկացնելու մտադրությունները»։
«Այն, որ դա տեղի ունեցավ հենց այն վայրում, որտեղ աղոթում էր սուրբ Սերաֆիմը, պատահականություն չէ», — ասել է պատրիարքը՝ հավելելով, որ բազմաթիվ ֆիզիկոս գիտնականներ նույնպես Սարովում զենքի ստեղծումը պատահական չեն համարում։
Սարովը դարձել է խորհրդային միջուկային ծրագրի գլխավոր կենտրոններից մեկը։ Հենց այնտեղ՝ փակ կոնստրուկտորական բյուրոյում, XX դարի կեսերին կատարվում էին հայրենական առաջին միջուկային մշակումները։