00:00:00

Վարոս Սիմոնյանը հնդիկ գործարարներին առաջարկել է ՀՀ-ն դիտարկել ներդրումների համար գրավիչ երկիր

21:23, 11 նոյեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը մասնակցել է նոյեմբերի 11-ին Երևանում բացված «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նա մաղթել է արդյունավետ համագործակցություն՝ առաջարկելով դիտարկել Հայաստանը  որպես ներդրումներ կատարելու և համատեղ  ընկերություններ հիմնելու համար  գրավիչ երկիր։
Վարոս Սիմոնյանն ավելացրել է, որ  ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործում է ներդրումների աջակցության կենտրոն, որը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել բոլոր հնդկական ընկերություններին, որոնք նախատեսում են ներդրումային գործունեություն ծավալել Հայաստանում: «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է։ Ներդրումների մասին խոսելիս պետք է նշել, որ Հայաստանը որդեգրել է բաց դռների քաղաքականություն արտասահմանյան ներդրողների նկատմամբ և բացի տեղական շուկայից, ՀՀ կառավարությունը   հնարավորություններ է ստեղծում, որպեսզի տեղական գործարարները մուտք ունենան ավելի մեծ շուկաներ»,-նշել է Վարոս Սիմոնյանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, դեղագործական ոլորտի մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ։
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալն իր խոսքում նշել է, որ հնդկական դեղագործական ընկերությունները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության խորացման մեծ ներուժ են տեսնում, իսկ  համաժողով-ցուցահանդեսը Հնդկաստանի և Հայաստանի միջև դեղագործության ոլորտի կապերը խորացնելու և ընդլայնելու, նոր կապեր հաստատելու հիանալի առիթ է, որը պատշաճ կօգտագործվի ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների կողմից։ Ողջունի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Գործարար համաժողով-ցուցահանդեսին ներկայացվել են Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները։ Միջոցառման ընթացքում կազմակերպվել են B2B ձևաչափի հանդիպումներ՝ ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների միջև։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր