00:00:00

Բողոքի ակցիա՝ Նորագավիթի ավտոմաքսատան մոտ․ մաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ բողոքող ավտոներկրողները փակել են ճանապարհը

15:46, 11 նոյեմբեր 2019

Նորագավիթի ավտոմաքսատան մոտ ավտոներկրողներն ի նշան բողոքի ճանապարհ են փակել․ պատճառը Վրաստանից և Ճապոնիայից ներմուծված մեքենաների մաքսազերծումը Հյուսիսային ավտոմաքսատանը՝ Գյումրիում իրականացնելու մասին կառավարության որոշումն է։ Ակցիայի մասնակիցները Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ մաքսազերծումը Գյումրիում իրականացնելը ավելացնում է ներմուծողների ծախսերը։ «Ճանապարհածախս է ավելանում, բացի այդ՝ նաև գիշերակացի խնդիր կա․ եթե ձևակերպումը նույն օրն ավարտել չի ստացվում, ներկրողները ստիպված են լինում գիշերել հյուրանոցներում կամ ավտոմեքենաների մեջ»,-ասաց նրանցից մեկը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ խոսակցություններ կան նոյեմբերի 18-ից Նորագավիթի ավտոմաքսատունն ընդհանրապես փակելու և ամբողջ գործընթացը Գյումրի տեղափոխելու մասին։ «Գյումրիում դեռ ոչ մի պայման չկա, նոր մասնաշենքը պատրաստ չէ։ ԱՄՆ-ից ներմուծված մեքենաները հիմնականում վթարված են և վարել հնարավոր չէ, իսկ բեռնափոխադրողները քաղաքացիներ հետ պայմանավորվածություններ ունեն՝ մեքենան մինչև Երևան հասցնելու համար։ Մեքենաներ տեղափոխող կոնտեյներները Գյումրիում բացելուց հետո մեքենաները պետք է Երևան բերվեն քարշակներով, ինչը ևս լրացուցիչ ծախս է»,-ասաց նա։ Ակցիայի մասնակիցները նաև ընդգծում են, որ Ճապոնիայից բերված մեքենաները ձմեռային անվադողեր չունեն, իսկ առանց դրանց վարելը կարող է վտանգավոր լինել։ Նրանք պահանջում են, որ Նորագավիթի ավտոմաքսատունը գործի մինչև դեկտեմբերի 31-ը, ԱՄՆ-ից բերված մեքենաները մաքսազերծվեն այստեղ, իսկ Ճապոնիայից և Վրաստանից ներմուծված մեքենաների դեպքում ներմուծողն ինքը որոշին՝ այն մաքսազերծել Երևանում, թե Գյումրիում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր