Նոյեմբերի մեկին Երեւանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Հրաժարականի պատճառն այն էր, որ երկու գիշեր իրար հետևից շների ոհմակը հոշոտեց սկզբում այգու երեք կենգուրուներին, ապա՝ մուֆլոններին։ Այգում անգամ կասկածողներ կան, որ շներն ուղարկված էին:
Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականից հետո կարծես թե թափառող շները «դադար» են վերցրել։
Պարզվում է կենգուրուների եւ մուֆլոնների հոշոտումը հետագայում պետք է դառնար խաղադրույքի առիթ։ Մասնավորապես «Վիվառո բուքմեյքերական ընկերությունը նոյեմբերի 3-ին ծաղադրույք է սահմանել, թե շները կենդանաբանական այգում ում են հոշոտելու։ Ուշագրավն այն է, որ «հոշոտվողների» շարքում ոչ միայն այգու կենդանիներն են եղել, այլ նաեւ պահակն ու անգամ քաղաքապետը։ Նախկին տնօրենը եւս անմասն չի մնացել։
Բուքմեյքերական ընկերությունից Irakanum.am-ին փոխանցեցին, որ իսկապես նման խաղադրույք իրականացրել են, սակայն ավելի ուշ որոշել են հեռացնել։ «Այո, նման խաղադրույքի առաջարկություն կայքում առաջարկվել է, բայց հիմա հանվել է, եւ չի առաջարկվում»,- ասացին ընկերությունից, հավելելով, որ կազմակերպության որոշումն է եղել իրականացնել խաղադրույք, հետո՝ հանել։
Irakanum.am