00:00:00

Երևանում տղամարդը համասեռական գործողություն է կատարել մեկ այլ տղամարդու նկատմամբ և շանտաժով 7 մլն դրամ է շորթել

16:29, 02 ապրիլ 2018

1in.am-ը գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Պողոս Մ.-ի (անունը փոխված է) գործով դատական քննությունը: 38-ամյա Պողոս Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ Պողոս Մ.-ն տևական ժամանակ Հակոբ Ե.-ի (անունը փոխված է) նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի, այդ թվում՝ նաև համասեռական գործողություններ: «Հասկանալով, որ այդ գործողությունների վերաբերյալ տեղեկությունները կարող են արատավորել» Հակոբին, Պողոսը սպառնացել է հրապարակել այդ տեղեկությունները ու պարբերաբար գումարներ է շորթել: 2017 թվականի մայիսին Պողոս Մ.-ն ձևացրել է, թե տեսանկարահանում է Հակոբի հետ ունեցած սեքսուալ բնույթի, նաև՝ համասեռական գործողությունները: Իսկ 2017 թվականի սեպտեմբերի 2-ին Պողոս Մ.-ն իրականում տեսանկարահանել է Հակոբի հետ կատարած իր վերոհիշյալ գործողությունները: Նա պարբերաբար սկզբում՝ գոյություն չունեցող տեսանյութը հրապարակելու, ապա՝ իրական տեսանյութը հրապարակելու սպառնալիքներով 2017 թվականի հուլիսի 17-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Հակոբից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը՝ 6 միլիոն 845 հազար դրամ գումար, որից 2017 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 30-ը ստացել է ընդհանուրը՝ 3 միլիոն 325 հազար դրամ: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսին Պողոս Մ.-ն Հակոբի հետ սեքսուալ բնույթի, նաև՝ համասեռական գործողություններ է կատարել Երևանի Վաղարշյան փողոցում կայանված մեքենայի մեջ ու միաժամանակ ձևացրել է, թե տեսանկարահանում է իրենց գործողությունները: Հետագայում՝ 2017 թվականի հուլիսի 17-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածում Պողոս Մ.-ն Հակոբի վերաբերյալ արատավորող տեղեկություններ պարունակող, բայց իրականում գոյություն չունեցող տեսանյութը հրապարակելու սպառնալիքով, ապա նաև իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով սպառնալով՝ Երևանի Մարգարյան փողոցում Հակոբից պահանջել է 750 հազար դրամ: Այդ գումարից 100 հազար դրամը Հակոբը Պողոսին է հանձնել նույն ժամանակահատվածում՝ հուլիսի 17-ից 20-ը՝ Երևանի Կասյան փողոցում, 100 հազար դրամը՝ Կոմիտասի պողոտայում, իսկ 550 հազար դրամը Պողոսին է հանձնել Կոմիտասի պողոտայում 2017 թվականի հուլիսի 31-ին: Իրականում գոյություն չունեցող տեսանյութը հրապարակելու, Հակոբի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով Պողոս Մ.-ն 2017 թվականի հուլիսի 18-ին Հակոբից պահանջել ու Կասյան փողոցում ստացել է ևս 70 հազար դրամ: 2017 թվականի օգոստոսի1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Պողոս Մ.-ն իրականում գոյություն չունեցող տեսանյութը այլ անձանց հասանելի դարձնելու և համացանցում հրապարակելու սպառնալիքով Հակոբ Ե.-ից Երևանի Կասյան փողոցում պահանջել է 900 հազար դրամ: Այդ գումարից 125 հազար դրամը Հակոբը Պողոսին է հանձնել օգոստոսի 2-ին Երևանի Հ. Հակոբյան փողոցում, 320 հազար դրամը հանձնել է Երևանի Մարգարյան փողոցում օգոստոսի 3-ին, իսկ 435 հազար դրամը մաս-մաս հանձնել է օգոստոսի 8-ից մինչև 28-ը Երևանի տարբեր հատվածներում: Օգոստոսի վերջին Պողոս Մ.-ն նույն սպառնալիքներով Կոմիտասի պողոտայում Հակոբից պահանջել ու օգոստոսի 29-ից 31-ը Երևանի Սունդուկյանփողոցում ստացել է 1 միլիոն 625 հազար դրամ: Ըստ մեղադրանքի՝ Պողոս Մ.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունների իրականացմանն ուղղված գործողությունները, 2017 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանի Երզնկյան փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում Հակոբ Ե.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի, նաև՝ համասեռական գործողություններ, միաժամանակ այդ գործողություններն իրականում տեսանկարահանել է իր «Սամսունգ» բջջային հեռախոսով, ապա արդեն իրական տեսանյութը համացանցում հրապարակելու, այլ մարդկանց հասանելի դարձնելու, Հակոբի վերաբերյալ արատավորող տեղեկությունները տարածելու սպառնալիքով նրանից պահանջել է 3 միլիոն 500 հազար դրամ: Այս պահանջը Հակոբ Ե.-ն արդեն չի կատարել: Տեսնելով, որ չի ազատվում Պողոսի շորթումներից, նա դիմել է ոստիկանություն: 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Հակոբ Ե.-ի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, իսկ սեպտեմբերի 20-ին Պողոս Մ.-ն շորթման վերաբերյալ այդ գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Դատարանում Պողոս Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով: Տուժող Հակոբ Ե.-ն չի առարկել այդ կարգի կիրառման դեմ, հայտարարել է, թե ամբաստանյալի կողմից ամբողջությամբ հատուցվել է իրեն պատճառված նյութական վնասը, ինքը նրանից բողոք կամ գույքային վնասի հատուցման պահանջ չունի: Դատարանը հաշվի է առել, որ Պողոս Մ.-ն վատառողջ է, տառապում է երևանյան հիվանդությամբ, 2-րդ խմբի հաշմանդամ է: Պողոս Մ.-ն ամուսնացած է, նրա խնամքին են 2015 թվականին ծնված մանկահասակ երկու երեխաները, նա ընտանիքի միակ կերակրողն է, հանցանքի կատարումից հետո դրսևորել է «պատշաճ վարքագիծ՝ հատուցել է տուժողին պատճառած գույքային վնասը»: Դատարանը հաշվի է առել նաև Պողոս Մ.-ի կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, խախտված հասարական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, դրանք համադրել է վերը թվարկված մեղմացնող հանգամանքներին ու որոշել է, որ Պողոս Մ.-ի նկատմամբ կարելի է նշանակել մեղսագրված հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատիժը, որը Պողոս Մ.-ն պետք է իրականում կրի: Քրեական գործի նախաքննության ու դատաքննությանը ընթացքում Պողոս Մ.-ն խնդրել էր իրենից առգրավված 801 հազար դրամն ու 200 ԱՄՆ դոլարը հանձնել տուժող Հակոբ Ե.-ին՝ որպես վնասի փոխհատուցում: Դատարանը դատական ակտով կատարել է այս խնդրանքը: Դատարանը Պողոս Մ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել է 6 տարի ազատազրկման: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր