2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցածը ստացավ ապրիլյան քառօրյա պատերազմ անվանումը:
Կիրառված զինամթերքի ու գործողությունների ծավալով տեղի ունեցածն իսկապես պատերազմ էր: Երկու տարի անց առանձնացրել ենք դեպքերի հաջորդականությունը՝ ինչպես և որտեղից սկսվեց ամեն ինչ:
-Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
-Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնեց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց՝ հայկական պաշտոնական աղբյուրները հայտնեցին ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին:
-Այնուհետև՝ ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:
-Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել:
-Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակեցին ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։
-Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին, հայտարարություն տարածեց, թե իբր միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակեց մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը:
-ԼՂՀ ՊԲ-ն հայտնեց, որ հայկական ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա:
-Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակեց արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ սկսվեցին շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով:
-Ադրբեջանական զինուժը կիրառեց ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Սակայն հայ հրետանավորները շարքից հանեցին այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցեցին մեկ հարվածային ԱԹՍ:
-ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ:
-Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ժամը 12;00-ի դրությամբ հաստատվեց հրադադար, դադարեցվեցին ռազմական գործողությունները:
-Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
-Ժամը 18։30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում ստացավ ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ․ ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը։
-Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ շպրտվեցին:
-Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրեցին զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։
-Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրեցին դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվեց 18 զինծառայողի մարմին:
-Ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցել է ավելի քան 100 զոհ, ադրբեջանական կողմն ակնհայտորեն նվազեցնրել է իր կորուստների թիվը:
Irakanum.am