Ուկրաինան Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ միասին «ճնշել» է Ռուսաստանին, որ նա ստորագրի մարտի 30-ից Դոնբասում «զատկային հրադադարի» մեկնարկի մասին հայտարարությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 1-ին՝ Վոլնովախայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հանդիպումը հեռարձակել է «112 Ուկրաինան»։
«Մեր ընդհանուր խնդիրն է՝ վերականգնել Վոլնովախան եւ խաղաղություն հաստատել։ Հենց այս նպատակով մենք, բանակցություններ վարելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, դիմել ենք Պուտինին եւ «ճնշել» նրան, որ նա ստորագրի հրադադարի մասին հայտարարությունը, որը ուժի մեջ կմտնի մարտի 30-ից»,-ասել է նա։
Պորոշենկոյի խոսքով, այս հրադադարը «օդի» պես անհրաժեշտ է Ուկրաինային, քանի որ այն Դոնբասում խաղաղապահ առաքելության մուտքի պայմաններից է։
Սակայն, չնայած պայմանավորվածությանը, զինյալները հետեւել են հրադադարի ռեժիմին միայն 10 րոպե, ապա վերսկսել են հրետանակոծել ուկրաինական դիրքերը։