Երեկ՝ մարտի 31-ին, Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի ձախ ազդրի կողային մակերեսի բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ եւ «ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երեւան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ, 21-ամյա Էդիկ Ա.-ն, եւ Երեւան քաղաքի Պռոշյան փողոցի բնակիչ, 21-ամա Արտակ Ա.-ն:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն այս պահին կատարվածի մասին տեղեկություններ տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 01:40-ի սահմաններում Զաքյան եւ Խորենացու փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ ոմն Վանուշ, Արմեն եւ նշված անձանց հետ 3-րդ անծանոթ անձը վիճաբանել է, որի ժամանակ էլ հիվանդանոց տեղափոխվածները սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ են ստացել: Կենտրոնական բաժնի ոստիկանները պարզել են, որ Արմենը հանդիսանում է Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 16-ամյա Արմեն Կ.-ն, ով սովորում է Երեւանի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ Վանուշը, ով Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ է՝ Արմեն Կ.-ի եղբայրն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Արմեն եւ Վանուշ Կ.-երին հայտնաբերելու, ինչպես նաեւ 3-րդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: