Մարտի 1-ից կմեկնարկեն Գետառ եւ Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքները: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 26-ին, տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը ինչպես ապօրինի շինարարության եւ հողազավթման դեպքերի կանխարգելման, այնպես էլ, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումն ապահովելու, բետոնախառնիչ ավտոմեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու եւ շինհրապարակների պատշաճ կահավորումն ապահովելու ուղղությամբ։
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի՝ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը կվերահսկի Գետառ եւ Ողջաբերդ գետերի հուների մաքրման՝ մարտի 1-ից մեկնարկող աշխատանքների ընթացքը:
Քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել նաեւ անձրեւընդունիչ համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով իրականացվող մաքրման գործընթացի նկատմամբ՝ օպերատիվ ապահովելով հեղեղատարներից դուրս բերված կուտակումները փողոցներից արագ հեռացնելու աշխատանքները: