00:00:00

Փաշինյանի առաջին քայլը՝ ընդդեմ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի

14:33, 31 մարտ 2018

«Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժի ու ՀՀԿ-ի»։ Այս խոսքերով Գյումրու Կենտրոնական հրապարակից ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ դիմելով քաղաքացիներին հայտարարեց ԱԺ պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ քայլարշավը տեւելու է 14 օր: «Քայլարշավը Գյումրիից սկսվելու է, եւ անցնելու ենք Սպիտակ, Վանաձոր, Հրազդան, Դիլիջան, Սեւան, Աբովյան քաղաքներով եւ ապրիլի 13-ին, ժամը 18:30 հասնելու ենք Երեւանի Ազատության հրապարակ, որտեղ սկսվելու է հանրահավաք ընդդեմ՝ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի եւ ընդդեմ ՀՀԿ-ի»,- հայտարարեց Փաշինյանը: Նա ներողություն խնդրեց այն քաղաքների բնակիչներից, որտեղով չեն անցնելու, սակայն շեշտեց, որ մտովի անցնում են բոլոր այդ քաղաքներով: Ըստ Փաշինյանի՝ քաղաքների ընտրության տրամաբանությունը նրանում է, որ դրանք  համարվում են Հայաստանի խոշոր քաղաքները: Ապա նա ներկայացրեց քայլարշավի տրամաբանությունը: «Մենք ուզում ենք ՀՀ քաղաքացիների համար կամարտահայտության հարթակ ստեղծել, մենք ուզում ենք ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան իրենց տեսակետը հայտնել ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի ուխտադրժության: Ըստ էության Սերժ Սարգսյանը պատրաստվում է դրժել ՀՀ քաղաքացիների հետ կնքած պայմանագիրը, այն պարտավորությունը, որ նա ստանձնել է 2014 թվականի ապրիլի 10-ին՝ ՀՀ քաղաքացիների առաջ ստաձնելով այլեւս երբեք չստանձնել ՀՀ առաջին դեմքի՝ պետության գլխին չհավակնել, արձանագրելով, որ սա համարում է սխալ: Եթե նա սխալ համարելով գնում է այդ քայլին, դա նշանակում է, որ նա գիտակցաբար գնում է Հայաստանի ադրբեջանացման, եւ սրանով ուզում է ավելի խորացնել այն ստահոդ պետության հիմքերը, որի կաղապարով նա պատել է մեր սիրելի հայրենիքը՝ ՀՀ-ը»,- նշեց նա, հավելելով, որ սա քայլ է ընդդեմ  Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի եւ հանուն քաղաքացու Հայաստանի քաղաքացու: Սա ըստ Փաշինյանի քայլ է ընդդեմ ստի եւ պայծառ ապագայի: Նա նշեց, որ անում է առաջին քայլը եւ մինչեւ Երեւան մոտ  300.000 քայլ կկատարեն, այդ կերպ հույս ունենալով, վստահ լինելով, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների կկատարեն իրենց քայլը: Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ապրիլի 13-ին, ժամը 18:30 ՀՀ 100  հազարավոր քաղաքացիների իրենց քայլերը կուղղեն դեպի Ազատության հրապարակ: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր