00:00:00

Հանրային խորհրդում քննարկել են Ամուլսարի հարցը. աշխատանքային խումբ է ստեղծվել

16:32, 16 հոկտեմբեր 2019

Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգային առաջին հարցը կապված է եղել խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ձեւավորման հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն աշխատանքային փակ նիստ էր անցկացրել՝ հրավիրելով շահագրգիռ բոլոր կողմերին, որի ընթացքում որոշում էր կայացվել ստեղծելու աշխատանքային խումբ հարցի հետագա ուսումնասիրման եւ Հանրային խորհրդի դիրքորոշման ձեւավորման նպատակով: Աշխատանքային խմբի ձեւավորման հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ կարեւորվել է Ամուլսարի շահագործման խնդրի համակողմանի ուսումնասիրությունը եւ կոնկրետ փաստերի վերհանումը, որը կօգնի հարցին մոտենալ հնարավորինս փաստարկված եւ օբյեկտիվ: Խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խումբն առաջիկայում կհամալրվի նաեւ անկախ փորձագետներով եւ ոլորտի մասնագետներով։ Առաջարկ է հնչել, որ ստեղծվող աշխատանքային խումբը զբաղվի ոչ միայն Ամուլսարի հանքի շահագործման, այլեւ առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով եւ վերջնական եզրակացությունը Հանրային խորհուրդ ներկայացնի համակարգային մոտեցմամբ: Նիստի օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է հոկտեմբերի 9-11-ը Բուխարեստում տեղի ունեցած Հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի (AICESIS) արդյունքների վերաբերյալ ՀԽ պատվիրակության անդամների (Գագիկ Եգանյան, Արմեն Տեր-Տաճատյան, Հարություն Մեսրոբյան) կողմից տեղեկատվության տրամադրմանը: Հարություն Մեսրոբյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել այցի արդյունքները՝ հատկապես առանձնացնելով ասոցիացիայի ղեկավար մարմնի՝ խորհրդի կազմում ՀՀ  Հանրային խորհրդի ներկայացուցչին դիտորդի կարգավիճակ շնորհելու փաստը: Օրակարգի երրորդ հարցը կապված է եղել Հանրային խորհրդի 15 հանձնաժողովներում կատարված աշխատանքների հետ: Հանձնաժողովների նախագահները ներկայացրել են հակիրճ հաշվետություններ ընթացիկ գործունեության վերաբերյալ եւ անդրադարձել առաջիկա անելիքներին: Հանրային խորհրդի նախագահն ընդգծել է, որ խորհրդի արդյունավետ գործունեությունը կախված է նախեւառաջ հանձնաժողովների ակտիվ աշխատանքից, որտեղ պետք է մասնագիտորեն քննարկվեն, հասունանան եւ Հանրային խորհուրդ ներկայացվեն մեր երկրի ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրները եւ հասարակությանը հուզող հարցերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր