00:00:00

Հայ և օտարերկրացի թարգմանիչներն արժանացան «Կանթեղ» մրցանակների

23:24, 12 հոկտեմբեր 2019

 Թարգմանչաց տոնի շրջանակում հոկտեմբերի 12-ին Օշականում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Ներկաները սկզբում ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետև տեղի ունեցավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կանթեղ»-ի արժանացան Ռուսաստանից Նինա Գաբրիելյանը, Լեհաստանից Կալինա Իզաբելա Զիոլան, Վրաստանից Մաղվալա Գոնաշվիլին, Ուկրաինայից Օլեքսանդր Բոժկոն, Հայաստանից Թադևոս Խաչատրյանը, Գրիգոր Ջանիկյանը և Ջուլիետ Ղազարյանը: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ առաջին անգամ «Թարգմանչաց տոնը» նշվում է որպես միջազգային տոն: Հայաստանը հյուրընկալել է ոլորտի տասը արտասահմանյան ներկայացուցչի, որոնք հայ գրականության ինքնատիպ նմուշները թարգմանել են իրենց լեզվով` նպաստելով մեր գրականության հանրահռչակմանը: Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը լեհերեն թարգմանած Կալինա Իզաբելա Զիոլան նշեց, որ թարգմանությունն իրականացրել է հեղինակի 150-ամյակի կապակցությամբ: «Ինձ համար դա բավականին հետաքրքիր աշխատանք էր: Հայ գրողների ստեղծագործություններում շատ է հայրենասիրությունը, սերը, իսկ ինձ համար սերը դեպի տունը, հայրենիքը, սերը դեպի բնությունը, երկիրը, մարդը ամենկարևորն է»,-ասաց նա: Զիոլան նախկինում հայերենից լեհերեն է թարգմանել նաև Էդվարդ Միլիտոնյանի, Գագիկ Դավթյանի բանաստեղծությունները: Ալբերտ Քամյուի, Սամուել Բեկետի և այլ հանրահայտ գրողների ստեղծագործությունները հայերեն թարգմանած արձակագիր Գրիգոր Ջանիկյանը կարևորեց այն փաստը, որ մենք թարգմանել ենք համաշխարհային գրականության հսկաների լավագույն գործերը:  «Այլ հարց է, որ պարտք ունենք օտար ժողովուրդների հանդեպ. Թումանյանին, Վարուժանին, Չարենցին պետք է հասցնենք աշխարհի մեծություններին, որպեսզի նրանց էլ կարդան այնպես, ինչպես ընթերցում են Գյոթեի, Հոմերոսի և այլոց գործերը: Ցավում եմ, որ ըստ արժանվույն չենք կարողանում հայ գրականությունը ներկայացնել արտերկրում»,-շեշտեց Ջանիկյանը: Նա շնորհակալություն հայտնեց «Կանթեղ» մրցանակի համար և մեզ հետ զրույցում ասաց, որ երկլեզու` հայերեն, ֆրանսերեն գրքեր է հրատարակել, որոնցում ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունները: Մրցանակաբաշխությանը ՀԳՄ մեդալներ տրվեցին Իրանից Ղավամեդդին Ռազավիզադեին, Կանադայից Ալան Ուայթհորնին, Վրաստանից Բաղաթեր Արաբուլին: Նարեկացու անվան հուշամեդալի արժանացան Վրաստանից Մանանա Գոգիաշվիլին, Իրանից Վարանդը, Գերմանիայից Վահիդ Նադիրը, Արցախից Վարդան Հակոբյանը և Հայաստանից Ալբերտ Նալբանդյանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31