00:00:00

Աթեշյանի դեմ բողոքը հասել է Ստամբուլի փողոցներ

22:33, 30 մարտ 2018

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ: Այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջամտեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին, իսկ Աթեշյանը վերադարձրեց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, համայնքում արքեպիսկոպոսի նկատմամբ առաջացած դժգոհությունն արտահայտվում էր նրա հանդիսապետությամբ անցկացվող պատարագների և համայնքային միջոցառումների ժամանակ բողոքի ակցիաներով: Իսկ այժմ, ի նշան բողոքի, անհայտ անձինք Ստամբուլի Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի պողոտաներում ու փողոցներում փակցնում են թռուցիկներ, որոնցում պատկերված է պատրիարքի փոխանորդի դիմանկարը՝ աչքերը սև ժապավենով փակված: Գործին միջամտել է Ստամբուլի ոստիկանությունը, որը նկարները փակցնողների ինքնությունը պարզելու նպատակով ուսումնասիրում է փողոցներում տեսախցիկների ձայնագրությունները: Պոլսահայ փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտնել է, որ փողոցում նկար փակցնելը հանցանք չի համարվում, եթե նկարների բովանդակությունը հանցակազմ չի պարունակում: «Նմանատիպ նկարները հանցագործություն չեն համարվում: Սակայն, եթե բողոքող կողմ լինի, որը կյանքի վտանգի կամ սպառնալիքի և կամ այլ փաստարկով բողոք ներկայացնի, ապա սպասելի է, որ ոստիկանությունը ուսումնասիրություն կկատարի»: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանը: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը: Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում: ermenihaber

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր