Այս շաբաթ հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք՝ 2 տուժածով: Թունավորման պատճառը սեփական նախաձեռնությամբ հավաքած սնկի օգտագործումն է:
Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս.
- սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
- չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
- սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ, կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
- ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական այն մոտեցումը, ըստ որի թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
- չուտել հում սունկ,
- երեխաներին չկերակրել սնկերով ուտեստներ,
- խորհորդ չի տրվում աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող անձանց սննդում օգտագործել սունկ,
- սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
- թարմ սունկը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում,
- չզբաղվել ինքնաբուժմամբ: