00:00:00

ՀՔԱՎ. Տեղեկանք 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին

03:45, 08 հոկտեմբեր 2019

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին 9 ամիսներին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին 9 ամիսներին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 35 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 50 դեպք։ 35 դեպքից 11-ը ավտովթարի հետեւանքով են, 8-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ սպանության, 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի։ Ինչպես տեսնում ենք, 2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում ավելի քան կրկնակի անգամ՝ 57 %-ով, նվազել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը, 33 %-ով` առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքերը, 20%-ով՝ սպանության հետեւանքով մահացության դեպքերը, 15 %-ով՝ ավտովթարի հետևանքով դեպքերը և 75 %-ով՝ դժբախտ պատահարի հետևանքով դեպքերը։ Ինքնասպանություն որակված դեպքերի թիվը նույնն է, ինչ նախորդ տարվա նույն ժամանակահվածում։ Մահացության 35 դեպքերից 24-ը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 10-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1  դեպքում տարածքը չի նշվում։ 23-ի մասին առկա է պաշտոնական հաղորդագրություն, գրառում պաշտոնատար անձանց սոցիալական կայքէջում կամ վերջիններիս կողմից տեղեկատվության հաստատում կամ տրամադրում լրատվամիջոցներին: 6 դեպքի մասին տեղեկատվություն տարածվել է միայն ԶԼՄ-ից, որից 2-ի դեպքում՝ հղում անելով  պաշտոնական աղբյուրին։ 6 դեպքի մասին ընդհանրապես հաղորդագրություն չի տարածվել ո՛չ պաշտոնական աղբյուրներով, ո՛չ պաշտոնատար անձանց սոցիալական էջերի հրապարակումներում և ո՛չ էլ լրատվամիջոցներով։            Դրանց մասին Կազմակերպությունը տեղեկացել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից՝ ի պատասխան հարցումների։ Պաշտոնական նախնական տվյալներով՝ 35 դեպքից 15-ը կապված է զինծառայության հետ։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, եւ գտնում է, որ անկախ  այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է  դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ: 23 դեպքի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր