00:00:00

Կարդիականացվի Բերձորի քաղաքային գրադարանի և Քաշաթաղի երկրագիտական թանգարանի շենքը

21:15, 07 հոկտեմբեր 2019

ՔԱՇԱԹԱՂ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ֆրեզնոյաբնակ Փանոսյանների գերդաստանի անդամներին՝ գլխավորությամբ Գաբրիել Փանոսյանի։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմից, հյուրերին ուղեկցել և հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գլխավոր խորհրդական, Փանոսյանների ընտանիքի բարեկամ Կարո Խաչիկյանը։ Քաշաթաղի ղեկավար Ս․ Սարգսյանն ավանդույթի համաձայն ողջունել է հյուրերին Քաշաթաղում և համառոտ ներկայացրել շրջանի պատմությունն ու ռազմավարական նշանակությունը։ Հյուրերի խնդրանքով շրջվարչակազմի ղեկավարը պատմել է նաև ԱՄՆ-ում բնակվելու տարիներին իր կողմից համահիմնադրված «Հայրենասեր» հասարակական կազմակերպության և Քաշաթաղում վերջինիս գործունեության մասին։ Փանոսյանների անունից խոսելով՝ Գ․ Փանոսյանը ներկայացրել է, որ իրենց այցի նպատակը գերդաստանի հանգուցյալ անդամ՝ հայագետ և մանկավարժ Սարգիս Փանոսյանի կտակը կատարելն է, որ ներառում է նրա գրքերի նվիրաբերումը Բերձորի քաղաքային գրադարանին, ինչպես նաև վերջինիս շենքային պայմանների բարելավումը։ Ս․ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Փանոսյանների ընտանիքին՝ իրենց եղբոր վերջին կամքն ըստ պատշաճի կատարելու համար՝ վստահություն հայտնելով, որ ամբողջ կյանքն ազգային դպրության գործին նվիրած մարդու կտակի ընծայաբերումը վերահայացած Քաշաթաղի շրջանին խիստ ազդեցիկ խորհուրդ ունի: Ներկաներն այնուհետ այցելել են Բերձորի քաղաքային գրադարան, շնորհավորել աշխատակիցներին գրադարանավարի օրվա կապակցությամբ և գրադարանավար Վանուշ Եսայանի ուղեկցությամբ ծանոթացել գրադարանային ֆոնդի մի մասին։ Շենքում շրջայց կատարելով՝ հյուրերը ծանոթացել են նաև այն սենյակներին, որ ապագայում վերանորոգվելու են և հատկացվելու գրադարանին ու թանգարանին։ Օգտվելով առիթից՝ Քաշաթաղի ամերիկահայ բարեկամները թանգարանի աշխատակից Զարուհի Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացել են ցուցադրված նմուշներին։ Հրաժեշտի զրույցի ընթացքում Ս․ Սարգսյանը և Գ․ Փանոսյանը մտքեր են փոխանակել արևմտահայ գրականության զգալի միավորների՝ դեպի Բերձորի քաղաքային գրադարան տեղափոխման և ըստ այդմ՝ գրադարանը համահայաստանյան մասշտաբով արևմտահայոց գրի հավաքագրման և ուսումնասիրության յուրատեսակ կենտրոն դարձնելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր