ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով ԱԱԾ-ն միանշանակ դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ շատ ավելի լուրջ խորքային, բովանդակային գործառույթներով: ՀՀ կառավարության նիստում Ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ազգային անվտանգությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը. «Այս նախագծով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է եւ շատ ավելի կարեւոր լծակներ է ունենալու՝ ազգային անվտանգությունը, դրա սպառնալիքները կանխարգելելու համար»:
Նա նշեց, որ ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հասարակական անտանգությունը ապահովելու իմաստով:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը համաձայնեց, որ հակակոռուպցիոն գործունեությունը պետք է հեռու լինի ԱԱԾ-ից, եւ այս քայլով ԱԱԾ-ն ուժեղանալու է, ապա հավելեց, որ պետք է օգտագործել ոստիկանության եւ ԱԱԾ-ի օպերատիվ աշխատանքի փորձը, նրանց ուժերը:
Ի պատասխան վարչապետն ասաց, որ երբ խնդիր է դրվել ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը, շեշտը դրվել է ԱԱԾ-ի վրա, ինչը չի նշանակում, որ մյուս գործառույթները մոռացության են տրվել:
Ցոլակյանը նշեց, թե ռիսկային է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նոր օպերատիվ արձագանքման մարմնի ստեղծումը: ԱԻ նախարարի խոսքով՝ պետք է օգտվել ոստիկանության ու ԱԱԾ-ի փորձից ու կարողություններից, այդ թվում կադրային. «Պետք է օգտագործել այդ ուժերը»:
Վարչապետն էլ ասաց, որ որոշված է, որ 3 տարի անցումային շրջան է նախատեսված, եւ այդ ընթացքում այդ գործառույթը ԱԱԾ-ն կիրականացնի զուգահեռաբար, ապա հավելեց, որ հետախուզության հետ կապված խնդիր նույնպես կա:
«Հետախուզությունը մեծ երկրի բան է, մենք այդքան միջոցներ չունենք»,- ասաց Ցոլակյանը, ինչին վարչապետը ծիծաղելով արձագանքեց. «Բա չեք լսե՞լ, որ ես ասել եմ՝ մենք արդեն մեծ երկիր ենք»:
ԱԻ նախարարն էլ կատակեց. «Բարդ բան է, գործ չունեք, էսօր դրա վախտը չի»: