00:00:00

Հակակոռուպցիոն ռազմավարությամբ ԱԱԾ-ն և ոստիկանությունն ավելի կուժեղանան. Նիկոլ Փաշինյան

17:50, 03 հոկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունն ավելի են ուժեղանալու: Այդ մասին վարչապետը  նշեց կառավարության նիստում՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե ռազմավարությունը թուլացնելու է վերը նշված ուժային կառույցները: «Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրն ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն, և մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, ըստ որի՝ ռազմավարության նախագծով միանշանակ ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ լուրջ, խորքային, բովանդակային գործառույթներով:   «Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը: Այս նախագծով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու սպառնալիքները կանխարգելելու համար», - ասաց ՀՀ վարչապետը:   Նա նշեց, որ նույն խնդիրը դրվում է Ոստիկանության համար, և եկել են այն համոզման, որ ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հանրային անվտանգությունը ապահովելու իմաստով:   Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատեց  «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:   Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման նպատակով Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցմանը, թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը:   Միաժամանակ, Ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է կատարվում հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանմանը: Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է ռազմավարական մոտեցման արդյունքում հնարավորին նվազեցնել կոռուպցիան, զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր