00:00:00

Տիգրան Ավինյանն ընդունել է Սինգապուրի ավագ նախարարին

14:46, 02 հոկտեմբեր 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 1-ին  ընդունել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարատնամին:   Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հայերը մեծապես գնահատում են Սինգապուրի գրանցած հաջողությունները, և մի շարք ոլորտներում երկրի կուտակած փորձը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով մեր կառավարության շեշտադրումը մարդկային կապիտալի զարգացման վրա:   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Սինգապուրը  պատրաստակամ զարգացման ճանապարհին ձեռք բերած փորձառությունով կիսվել Հայաստանի հետ:   Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ այսօր Եվրասիական միության և Սինգապուրի, ինչպես նաև Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելիք համաձայնագրերը լուրջ ազդակ կհաղորդեն առևտրաշրջանառությանը և նոր հեռանկարներ կբացեն գործարար շրջանակների համար:   Հաշվի առնելով Սինգապուրի առաջատար փորձը՝ զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, «Աշխատիր Հայաստան» ծրագրի շրջանակներում համագործակցության հեռանկարները:   Առանձին անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխշահավետ գործընկերության հաստատման հարցերին: Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը լավ առիթ կլինի սինգապուրյան ընկերությունների համար՝ Հայաստանի հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու:   Քննարկվել է նաև կրիպտոարժույթների ոլորտում կարգավորումների թեման: Սինգապուրյան կողմը առաջարկել է հայկական պատվիրակություն ուղարկել այս տարվա նոյեմբերին կայանալիք «Սինգապուր ՖինԹեք Փառատոն 2019» (Singapore FinTech Festival 2019), որը ոլորտի խոշորագույն միջոցառումն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր