00:00:00

Մեկ տարի առանց Ազնավուրի

16:38, 01 հոկտեմբեր 2019

Ուղիղ մեկ տարի առաջ` հոկտեմբերի մեկին, աշխարհը կորցրեց մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրին (իսկական անուն-ազգանունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), որը երգում էր մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի հոկտեմբեր ամսին աշխարհի տարբեր երկրներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ժառանգության պահպանմանը։ Շառլ և Նիկոլա Ազնավուրների կողմից ստեղծված «Ազնավուր» հիմնադրամը, որի հիմնական նպատակներից է Շառլ Ազնավուրի՝ դեռ 1988 թվականին սկսած հումանիտար գործունեության շարունակությունը, իսկ այժմ նաև նրա մշակութային ժառանգության պահպանումը, նոր նախագծերի ու ծրագրերի իրականացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, ակտիվորեն ներգրավված է բոլոր միջոցառումներում։ Հոկտեմբերի 1-ին «Ազնավուր» հիմնադրամը Փարիզի քաղաքապետարանում հանդիսավոր կերպով քաղաքին կնվիրի Ազնավուրի կիսանդրին, որը շուտով կտեղադրվի Փարիզի այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը։ Կիսանդրին հայ հայտնի քանդակագործ Ալիս Մելիքյանի աշխատանքի պատճենն է։ Աշխատանքի բնօրինակը պատրաստվել է 1960-ականներին, երբ Ազնավուրն իր առաջին այցով ժամանել էր Հայաստան։ Հոկտեմբերի 2-ին կինոթատրոններում կհայտնվի «Շառլի հայացքով» ֆիլմը։ Կյանքի ողջ ընթացքում՝ բոլոր ուղևորությունների և նշանակալի հանդիպումների ժամանակ, Ազնավուրին կարելի էր նկատել տեսախցիկը ձեռքին. նրա կողմից նկարահանված հենց այդ կադրերից էլ հավաքվել է ֆիլմը։ Ֆիլմի պատումային հատվածի համար օգտագործվել են հատվածներ Ազնավուրի հեղինակած գրքերից ու նամակներից, այդ իսկ պատճառով ֆիլմն ամբողջությամբ ներկայացնում է կյանքն ու աշխարհը՝ հենց նրա աչքերով։ Ֆիլմի առաջխաղացմանն աջակցում է «Ազնավուր» հիմնադրամը, պրոդյուսերն է Ազնավուրի որդի Միշա Ազնավուրը, ռեժիսորը՝ Մարկ դի Դոմինիկոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր