SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղից դեպի Կոտայքի մարզի Արզական գյուղ գնալիս, Նորաշեն գյուղի բնակիչներ՝ ոմն Հենդոն իր տղաների հետ, ոմն Գերասը հետապնդել են Արզական գյուղի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թ.-ին, որի ժամանակ կրակոցներ են արձակել, իսկ այնուհետև, հասնելով Հովհաննես Թ.-ին, իրենց ավտոմեքենայով հարվածել են Հովհաննես Թ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ մեքենան կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված օպերատիվ տվյալների, դրանից հետո վերջիններս կողաշրջված ավտոմեքենայից դուրս են բերել Հովհաննես Թ.-ին և ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Ներսիսիյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ոմն Հենդոն Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Հենրիկ Կ.-ն է, ոմն Գերասը՝ նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Բ.-ն, իսկ Հենդոյի որդին՝ նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արտակ Կ.-ն:
Արարատի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Արտակ Կ.-ն և Գերասիմ Բ.-ն ինքնակամ ներկայացել են ոստիկանության Արտաշատի բաժին: Արարատի մարզի ոստիկանները պարզել են նաև, որ Հովհահհնես Թ.-ին պատկանող BMW մակնիշի համարանիշները եղել են 96 NN 969, իսկ նա հետապնդվել է ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հենրիկ Կ.-ին և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Չարենցավանի բաժին: