00:00:00

Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործով ապօրինի որոշումներ են կայացվել. փաստաբան

14:48, 30 սեպտեմբեր 2019

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից  Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին կալանավորելու որոշումն անօրինական է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրանց շահերի պաշտպան, փաստաբան Վահե Եփրիկյանը։ Փաստաբանի խոսքով՝  իր պաշտպանյալներին ձերբակալելու եւ մեղադրանք առաջադրելու պորցեսն ի սկզբանե եղել է օրենքի կոպիտ խախտումներով։ «Ոստիկանության աշխատակիցները գիշերը ժամը 3–ին թակել են Նարեկ Մութաֆյանենց տան դուռը, ներկայացել իբրեւ շտապօգնության աշխատակիցներ եւ առանց որեւէ ծանուցագիր ուղարկելու նրան բերման ենթարկել։ «Մասկի շոու» անելով անձին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, այնուհետեւ ձերբակալել»,–ասաց նա։ Եփրիկյանի խոսքով՝  թե՛ Նարեկ Մութաֆյանին, եւ թե՛ Սարգիս Օհանջանյանին ձերբակալելու որեւէ հիմք առկա չի եղել։ «Ձերբակալման ինստիտուտը տաք հետքերով հանցագործությունը բացահայտելու համար է։ Այս անձանց ոչ փախուստն են ցանկացել կանխել, ոչ էլ նրանց հանցանքի վայրում են բռնել»,–ասաց նա։ Անդրադառնալով դատավորներ Արտուշ Գաբրիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի կողմից Քոչարյանի աջակիցներին կալանավորելու որոշմանը, Եփրիկյանը նշեց, որ  այդ դատավորները կայացրել են ապօրինի դատական ակտեր։ «Այս գործով քննիչը ամբողջովին մերկ միջնորդություն էր ներկայացրել դատարանին։ Նման անհիմն միջնորդություն ես իմ կյանքում չեմ հանդիպել եւ երկու միջնորդություններն էլ մեր կողմից հիմնովին  ջախջախվել  են դատարանն ի հեճուկս մեր կողմից բարձրացված հարցերի, կայացրեցին կալանավորման դատական ակտեր»,–ասաց նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»: Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր