«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է իրենց խմբակցությունը վերաբերում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը»-ը նախաձեռնությանը և արդյոք կմիանա՞ն դրան, ասաց.«Հիմա ով որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, իրենք պարտավոր են ՀՀ գործող օրենսդրության համաձայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդով ներկայացնել այդ նախաձեռնությունը, թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել։ Ես ավելի շատ այսպիսի կարծիքները կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում։ Թողնեն թող դատարանը որոշի։ Եթե ՍԴ-ն կգտնի, որ Հրայր Թովմասյանը հարուցել է ՍԴ մասին օրենքի զայրույթը, թող որոշում կայացնի։ Մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն միանանք ինչ-որ նախաձեռնության՝ առանց դրա հիմքերն ուսումնասիրելու»,- ասաց Պետրոսյանը։ Նա նշեց, որ այս պահին իրենք այդպիսի հիմք չենք տեսնում և ՍԴ-ում չկա այնպիսի իրավիճակ, որ լինի անկառավարելի. «Մարմինը գործում է, այլ է խնդիրը, որ առանձին անձիք չեն ներկայանում նիստերին, որոշումների ընդունմանը չեն մասնակցում, բայց այլ կերպ են իրենց գոյության մասին հիշեցնել տալիս»։ Պատգամավոր Արման Աբովյանը հավելեց, որ իրավական դաշտում գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում. «Այս հարցի շուրջ շատ էմոցիա է պտտվում, որը թույլ չի տալիս սթափ հայացք նետել այդ բոլոր պրոցեսներին»։