00:00:00

Արցախի ՄԻՊ պաշտպանը հանդիպել է «Իմ քայլը» եւ «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների ղեկավարության հետ

23:36, 16 սեպտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ընդունել է «Իմ քայլը» եւ «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների պատվիրակություններին՝ Հովհաննես Ղազարյանի եւ Ժիրայր Էդիլյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից։ Պաշտպանը ողջունել է կազմակերպությունների որոշումն Արցախում գործունեություն ծավալելու վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված Արցախի բնակչությունը մեծապես զրկված է միջազգային ծրագրերին մասնակցելու եւ կուտակված փորձին հաղորդակից լինելու ուղիղ հնարավորությունից: Ուստի, հայկական կազմակերպությունները զգալի անելիք ունեն այդ բացը լրացնելու հարցում՝ ակտիվորեն ընդգրկվելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության, կարողությունների զարգացման, աղքատության հաղթահարման եւ այլ նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման գործընթացներում: Հիմնադրամների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներուժը կիրառել նաեւ Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ու բարօրության համար: Հ.Ղազարյանն ու Ժ.Էդիլյանը տեղեկացրել են, որ իրենց գործունեության առաջին փուլում նախատեսում են «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Արցախի 20 ընտանիքների համար իրագործել աղքատության փուլային հաղթահարման ծրագիր, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու շահառու ընտանիքներին՝ կարողությունների զարգացման, եկամուտների կայուն ավելացման ու արդյունավետ կառավարման նպատակով: Պաշտպանն իր աջակցությունն է հայտնել աղքատության հաղթահարման նոր մոտեցման կիրառման ծրագրին՝ ընդգծելով, որ դրա արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է խորությամբ գնահատել ընտանիքների կարիքները եւ հաշվի առնել տեղի առանձնահատկությունները: Նա հույս է հայտնել, որ ծրագրի դրական արդյունքները կնպաստեն նաեւ պետական ոլորտային ծրագրերի երկարաժամկետ արդյունավետության բարձրացմանը:  Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխշփումները եւ քննարկել համատեղ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր