Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին օգոստոսի 30–ից սեպտեմբերի 6-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները:
Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Խորհրդակցության սկզբում Արտակ Նահապետյանը շնորհավորեց ներկաներին ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ մաղթելով բեղուն աշխատանք:
Պատասխանատուները փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
Ըստ մարզային փրկարարական վարչություների ղեկավարների զեկույցների՝ հանրապետության մարզերում անց են կացվել ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումեր, իսկ ուսումնական հաստատություններում՝ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 19386 զանգ, 286 դեպք-պատահար, որից 150-ը՝ արտակարգ բնույթի:
ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ մայոր Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 21 զանգ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 11 հետազոտություն:
Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Գիդաչյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 36 թունավորման դեպք: Վարչության մասնագետները «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում կատարված աշխատանքի արդյունքում առաջարկել են ձեռնարկությանն ապահովել ամոնիակի անվնաս պահպանությունը` համաձայն անվտանգության վկայագրում ներկայացված միջոցառումների:
Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին քարտեզների հետ աշխատանքի, տեղանքին տիրապետելու հմտությունների կատարելագործմանը, համազգեստի բաշխմանը և կրմանը, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պլանավորված ռազմավարական զորավարժությունների նախապատաստական աշխատանքների պատշաճ կազմակերպմանը: