Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ես ու իմ թիմակիցները չհայտարարված այց ենք կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան:
Այցի շրջանակում մենք ծանոթացել ենք ազատազրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին՝ ուշադրություն դարձնելով բոլոր հնարավոր ուղղություններին՝ վերաբերմունքից ու կենցաղային պայմաններից մինչև իրավական պաշտպանության մեխանիզմներ ու հաղորդակցության հնարավորություններ:
Մտել ենք գրեթե բոլոր խցերը, ներսից դուռը փակել և առանց ոստիկանության ծառայողների ներկայության մի երկար հարցաշարով քննարկել ազատազրկված անձանց հուզող բոլոր հնարավոր հարցերը: Իհարկե, բոլոր ցանկացողների հետ ունեցել եմ նաև առանձնազրույցներ:
Ուրախ եմ արձանագրելու, որ մի քանի համակարգային խնդիրների՝ իմ միջամտությամբ լուծումները և իմ հետևողական ուշադրությունն ավելի են բարձրացրել ազատազրկված անձանց մոտ Մարդու իրավունքների պաշտպանի հանդեպ վստահության մակարդակը: Արդյունքում, նրանք սկսել են ավելի բաց խոսել իրենց հուզող, այդ թվում՝ խոշոր ու մանր հարցերի մասին:
Ես հատուկ ուշադրություն եմ դարձրել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու մեխանիզմների բարելավման վրա՝ քննարկում ունենալով և՛ ազատազրկված անձանց, և՛ քրեակատարողական վարչության ղեկավարության հետ:
Ազատությունից զրկված անձանց կողմից հարցեր են բարձրացվել իրենց տարբեր իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որոնց լուծման ուղղությամբ ես իմ իրավասության շրջանակներում կձեռնարկեմ օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցները»։