00:00:00

Ովքեր են իրականում հավակնում թաղապետի պաշտոնի

19:49, 26 փետրվար 2018

Երեւանի քաղաքապետարանում եւ առանձին վարչական շրջաններում հնարավոր փոփոխությունների մասին վերջին օրերին մամուլում հաճախակի են  գրվում: Տեղեկություններն այն մասին, որ կադրային ու կառուցվածքային փոփոխությունները չեն շրջանցելու քաղաքային իշխանությանը չեն թաքցնում նաեւ իշխանական էլիտայի տարբեր ներկայացուցիչներ: Օրերս «Հրապարակ» օրաթերթը հղում անելով իր աղբյուրներից գրել էր, որ  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլին ընդառաջ ընդունում-հանձնում է անում, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին են զեկուցում  2017թ. կատարված աշխատանքների եւ 2018թ. ծրագրերի մասին: Թերթը գրել էր, որ  Մարգարյանի կազմակերպած «ստուգարքից» «կտրվողներ» լինեն, որոշ թաղապետեր կփոխվեն։ Սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ապրիլից հետո, երբ կլրանա, ասենք, Գագիկ Բեգլարյանի որդու 25-ամյակը, եւ նա օրենքով հնարավորություն կունենա զբաղեցնել թաղապետի պաշտոնը։ Իսկ Հրանտ Գագիկի Բեգլարյանի 25 տարին լրանում է մայիսի 23-ին։ Հիշեցնենք, որ այժմ նա Կենտրոնի փոխթաղապետն է՝ Արա Սադոյանի տեղակալը, ում եղբորը՝ Ռուբեն Սադոյանին, Բեգլարյանը գործուղեց Վրաստանում Հայաստանի դեսպան՝ սրանով կոմպենսացնելով թաղապետ եղբոր մոտալուտ պաշտոնանկությունը։ Իրականում որքանով է հավանական կրտսեր Բեգլարյանի՝ թաղապետ նշանակվելը: Նախ, որ Բեգլարյան Հրանտը ըստ էության չի բացառում, որ շուտով նշանակվելու է թաղապետ: Առհասարակ Կենտրոն վարչական շրջանը համարվում է Բեգլարյանների այսպես ասած «թաղը»: Արա Սադոյանը եւ Գագիկ Բեգլարյանը քավոր- սանիկական հարաբերությունների մեջ են, եւ Սադոյանը մշտապես համարվել ոչ թե Տարոն Մարգարյանի թիմակիցը, այլ՝ Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչը քաղաքապետարանում: Հետեւաբար Արա Սադոյան- Հրանտ Բեգլարյան փոխատեղումը իրականում, որեւէ  էական փոփոխություն չի կարող ունենալ: Այնպես, ինչպես Զեյթուն վարչական շրջանը, որը համարվում է ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի «տարածաշրջանը»: Տարոն Մարգարյանը հեռացնելով նախկին թաղապետին, Զեյթուն վարչական շրջանի ղեկավար նշանակեց Միհրան Պողոսյանի մեկ այլ թիմակցին՝ Արթուր Ստեփանյանին՝ Չախկալ Արթուրին: Այլ կերպ ասած վերադասավորումը դարձյալ հօգուտ Մարգարյանի չէր: Մամուլի հրապարակումների համաձայն մինչեւ մայիս հեռացողների շարքում նշվում է նաեւ Շենգավիթի թաղապետի անունը:  Արմեն Սարգսյանը, ով բարեկամական կապերի մեջ է Տարոն Մարգարյանի հետ 58 տարեկան է ու «հոգնած» մոտեցում է ցուցաբերում աշխատանքին։ Վերջինս շրջանառվող տեղեկությունների համաձայն արդեն իսկ պլանավորել է իր հետագա գործունեությունը՝ մեկնելու է բուժման: Ավելի ուշ Meganews.am-ը գրեց, որ Շենգավիթի թաղապետին  կփոխարինի Գևորգ Ստեփանյանը: Վերջինս ՀՀԿ անդամ է: Ընտրությունների ժամանակ շնորհիվ իր հեղինակության կարողացել է զգալի ձայներ բերել հարազատ կուսակցությանը: Գեւորգ Ստեփանյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի խորհրդականն է:  Ստեփանյանի նշանակումը կարող է էական դերակատարություն ունենալ Տարոն Մարգարյան- իշխանական վերնախավ հարաբերությունների ամրապնդման  հարցում: Գաղտնիք չէ, որ Երեւանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում տեղի ունեցած միջադեպը զգալիորեն ազդեց Մարգարյանի առանց այն էլ ցածր հեղինակության վրա: Ավագանու նիստում կանանց ծեծող ՀՀԿ ավագանիներին քննադատեցին նաեւ կուսակցության կարկառուն դեմքերը: Հիմա ըստ էության տեղի ունեցող զարգացումներին, հնարավոր ու հետագա վերադասավորումները կատարելիս Մարգարյանն առավել քան զգույշ պետք  է լինի, յուրաքանչյուր վրիպում կարող է վատ ավարտ ունենալ: Սերժ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում շնորհավորելիս այդ մասին հստակ ակնարկել էր: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր