Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կարծիքով ժողովուրդը նախորդ տարի տեղի ունեցած ընտրությունների ժամանակ իր ձայնը տվել է ՀՀԿ-ին, վերջինս էլ կորոշի վարչապետի իր թեկնածուին: Այս մասին, այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով վարչապետի թեկնածուի ընտրությանը: Ըստ Հակոբյանի՝ ՀՀԿ կողմից վարչապետի թեկնածու կառաջադրվի Սերժ Սարգսյանը և նա էլ կընտրվի:
Լրագրողները նրան հիշեցրին, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ նախագահի պաշտոնին:
«Կյանքը դոգմա չէ, որ այսօր մի բան ասացինք, վերջապես դա պետք է անպայման լինի: Կյանքը զարգանում է, փոփոխվում է, խնդիր չեմ տեսնում: Դա խոստում չէր, դա ընդհանրապես ասված էր տվյալ պահի համար, իսկ յուրաքանչյուր պահ ունի իր տրամաբանությունը: Այսօր այս իրավիճակում, կարծում եմ, ՀՀ նախագահը ՀՀԿ կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու և կընտրվի», - ասաց նա:
Ըստ Հակոբյանի՝ այսօր և քաղաքական, և տնտեսական և աշխարհքաղաքական իրավիճակում շատ կարևոր է գործչի փորձն ու գիտելիքը, կապերն ու հարաբերությունները: Այդ բոլորը միանգամից ճիշտ չէ մի կողմ դնելը: Նա զարմացավ, թե ինչո՞ւ են Հայաստանում վատ վերաբերում Սերժ Սարգսյասնի հետագա պաշտոնավարմանը:
«Նայեք Անգելա Մերկելը քանի անգամ է արդեն ընտրվում, չորրորդ անգամ: Եվ որևէ անգամ Գերմանիայում այսպիսի արտահայտություններ ու խոսքեր… Մենք որևէ անօրինականություն չենք անում, բոլորը Սահմանադրության շրջանակներում է»,- ասաց նա:
Irakanum.am