Այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մենեջմենթ և մարկետինգ մասնագիտություն ուսումնասիրող և նախարարությունում պրակտիկա անցնող մագիստրանտների հետ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են այն առանձնահատկությունները, որոնք կնպաստեն մենեջմենթի և մարկետինգի հմտություններին տիրապետող ապագա մասնագետներին՝ իրենց գիտելիքները սպորտի ոլորտում կիրառելու համար: «Պատասխանատվությամբ և լրջորեն վերաբերվեք ձեր ընտրած մասնագիտությանը, բացի բուհում ստացած գիտելիքներից՝ ուսումնասիրե՛ք նաև միջազգային առաջավոր փորձը և ձեռք բերած գիտելիքները կիրառե՛ք ի շահ մեր երկրի, ի շահ հայկական սպորտի զարգացման»,- ուսանողներին հորդորել է Հ. Ռոստոմյանը:
Նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին: Նա նաև առաջարկել է ներկայացնել սպորտային մենեջմենթին և մարկետինգին վերաբերող ստարտ-ափ (start-up) ծրագրեր և խոստացել աջակցել դրանց իրականացմանը:
Նշենք, որ նույն օրը Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կազմակերպված «Բուհ-գործատու համագործակցության նոր եզրեր» խորագրով կլոր սեղան-քննարկմանը: