00:00:00

ՀՀ ԿԳ նախարարն այցելել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիա

17:26, 28 մարտ 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած պաշտոնական այցիշրջանակում, հանդիպել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  նախագահ  Ալեքսանդր Սերգեևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության բնագավառում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ներկայացնելով Հայաստանում ընթացող  գիտության ոլորտի բարեփոխումները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  տեղեկացրել է, որ  Հայաստանն անդամակցում է  Եվրոպական միության գիտության և նորարարությունների «Հորիզոն2020»  ծրագրին, որը ԵՄ գիտական դրամաշնորհներից օգտվելու լայն հնարավորություններ է բացում: Որպես արդյունավետ մոդել նախատեսվում է  ստեղծել գիտական կլաստերներ,   որտեղ համալսարանները, գիտական ինստիտուտները  և  գործարար ոլորտն  աշխատելու  են համատեղ՝   ստեղծելով  փոխշահավետ  համագործակցության հարթակ: ՀՀ ԿԳ նախարարն  ընդգծել է հատկապես ուսանողների շարժունության  ապահովման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմանները, որպեսզի ուսանողները  կարողանան կրեդիտներ ձեռք  բերել նաև գիտահետազոտական ինստիտուտներում:

 Գիտության ոլորտի առաջիկա բարեփոխումների շրջանակում Լևոն Մկրտչյանն առանձնացրել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի զարագացումը` հատկապես միջուկային  և փոքր  մասնիկների ֆիզիկայի ուղղությամբ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել  համատեղ գիտատեխնիկական  նախագծեր, այդ համատեքստում դիտարկելով ՌԴ կառավարությանն առընթեր Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  նախագահ  Ալեքսանդր Սերգեևը շեշտել է, որ  Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների  պահպանումն ու համագործակցության ամրապմդումը ռուսական կողմի հետաքրքրության շրջանակում է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև թեկնածուական և  դոկտորական ատենախոսության պաշտպանության, մասնագիտական կուրսեր  և դասախոսություններ վարելու համար կազմակերպել   անվանի գիտնականների փոխադարձ այցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել  են  նաև գիտության ոլորտում նորարարության և տեխնոլոգիաների  համագործակցությանն առնչվող այլ  հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր