00:00:00

Սենատը հորդորում է USAID-ին շարունակել ֆինանսավորել Արցախում Հալո Թրաստի ականազերծման աշխատանքները

23:31, 12 օգոստոս 2019 Լեռնային Ղարաբաղ

ԱՄՆ քսաներկու կոնգրեսական ստորագրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն (USAID) ուղղված նամակ, որով խրախուսում են Հալո Թրաստի շարունակական ֆինանսավորումն՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղ) տարվող ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«USAID-ի կողմից տրամադրվող ֆինանսավորման դադարը վտանգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքն ու առողջությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատաման հեռանկարները: Մենք հորդորում ենք USAID-ին վերանայել այդ որոշումը»,- ասվում է նամակում:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) նախաձեռնությամբ նամակը ստորագրել է Սենատի փոքրամասնությունների առաջնորդ Չաք Շումերը (դեմոկրատ, Նյու Յորք) և սենատորներ՝ Թեմմի Բոլդուինը (դեմոկրատ, Վիսկոնսին), Մայքլ Բեննեթը (դեմոկրատ, Կոլորադո), Ռիչարդ Բլումենթալը (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Շերրոդ Բրաունը (դեմոկրատ, Օհայո), Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ), Ռոբերթ Քեյսի կրտսերը (դեմոկրատ, Փենսիլվանիա), Թեմմի  Դաքուորթը (դեմոկրատ, Իլինոյս), Դայան Ֆայնսթայնը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Քըրսթեն Գիլիբրենդը (դեմոկրատ, Նյու Յորք), Քամալա Հերրիսը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Մեյզի  Հիրոնոն (դեմոկրատ, Հավայի), Էդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեֆ Մերքլին (դեմոկրատ, Օրեգոն), Քրիսթոֆեր Մըրֆին (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Ջեք Ռիդը (դեմոկրատ, Ռոդ Այլանդ), Բերնի Սանդերսը (անկախ, Վերմոնտ), Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Քրիս Վան Հոլլենը (դեմոկրատ, Մերիլենդ), Էլիզաբեթ Ուորրենը (դեմոկրատ, Մասաչուսեթս) և Ռոն Ուայդենը (դեմոկրատ, Օրեգոն):

«Այս տեսակի մարդասիրական օգնությունը, որն ուղղված է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերին, արդեն երկար տարիներ համարվում է կարևոր և կարծում եմ` դեռ շարունակում է խիստ կարևոր լինել, որպեսզի մենք շարունակենք աջակցել այդ տարածաշրջանում իրականացվող ականազերծման աշխատանքներին»,- ասաց սենատոր Մենենդեսը: «Ինչպես պարզաբանել ենք մեր նամակում, Լեռնային Ղարաբաղում կյանքեր փրկելու միտված ականազերծման և չպայթած սարքերի մաքրման աշխատանքները ավարտին հասցնելու USAID-ի պարտավորությունների ցանկացած փոփոխություն Կոնգրեսի կողմից խիստ քննադատության կարժանանա»:

Նամակը եզրափակվում է. «Ինչպես նշվում է ձեր գործակալության … նամակում, USAID-ի կողմից ֆինանսավորվող ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում «տարածաշրջանն անկասկած ավելի անվտանգ են դարձրել»: Սակայն, դեռ պետք է իրականացվեն ականազերծման աշխատանքներ և մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժի՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով այդ աշխատանքների ավարտվելուց կամ դադարեցվելուց: Մենք ուժգին հորդորում ենք USAID-ին վերանայել տարեվերջին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ իր որոշումը»:

«Մենք գովերգում ենք սենատոր Մենենդեսի և իր գործընկերների առաջնորդությունը՝ Արցախում կյանքեր փրկելու աջակցող այս ծայրահեղ կարևոր մարդասիրական հարցի վերաբերյալ: Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Սենատի և Ներկայացուցիչների պալատի ջանքերը և խորին շնորհակալություն է հայտնում Հալո Թրաստին իրենց աշխատանքի համար»,- հայտարարեց Կոնգրեսական հարաբերություների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Անցյալ շաբաթ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ութսուն ինը կոնգրեսականհամախմբվեցին, որպեսզի աջակցեն Հալո Թրաստի ականազերծման ջանքերին Արցախում և USAID-ին նմանատիպ նամակ ուղարկեցին:

«Հազարավոր ականներ դեռ կան տարածքում և ընտանիքներ ապրում են այնտեղ ամեն օր մահվան կամ կործանիչ խեղման վտանգում. ժամանակը չէ, որ Միացյալ Նահանգները հետ կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իր պատմական պարտավորությունից»,- նախկինում նշել էր Հալո Թրաստ ԱՄՆ գործադիր տնօրեն Քրիս Ուատլին Համագումարի համար: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սենատին և Ներկայացուցիչների պալատին այս կարևոր հարցին այսքան արագ արձագանքելու համար, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարին՝ այս կյանքապահպան ծրագրին աջակցելու համար»,- հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր