00:00:00

Մուշեղ Սաղաթելյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ անհրաժեշտ է բժշկական տեղեկանք՝ նրա այսօրվա առողջական վիճակի մասին

17:57, 05 օգոստոս 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր կայացավ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նոր հանգամանքների ուժով բեկանված և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացված Մուշեղ Սաղաթելյանի քրեական գործը։ Հիշեցնենք, որ հունիսի վերջին ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել էր 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, իսկ Սաղաթելյանի պաշտպաններ Սեդա Սաֆարյանի և Վահե Գրիգորյանի բողոքը՝ բավարարել մասնակիորեն։ Վերանայման արդյունքում որոշվել էր Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով։ Այսօրվա նիստին Մուշեղ Սաղաթելյանը ներկա չէր, քանի որ վերջինս արդեն մեկ տարուց ավելի գտնվում է հիվանդանոցում։ Դատավորն, անդրադառանալով Մուշեղ Սաղաթելյանի մասնակցության հետ կապված խնդրին, ասաց, որ ուսումնասիրելով քրեական գործի նյութերը՝ հայտնաբերել է, որ առկա է տեղեկանք՝ տրված Էրեբունի ԲԿ-ի կողմից, այն մասին, որ Մուշեղ Սաղաթելյանը 09․05․2018թ․ գտնվում է էրէբունի ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Սակայն քանի որ դա մեկ տարվա վաղեմության փաստաթուղթ է, ուստի դատարանն անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի ներկայացվի Մուշեղ Սաղաթելյանի այս պահի առողջական վիճակի մասին համապատասխան բժշկական տեղեկանք։ Սեդա Սաֆարյանն ասաց, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ տեղեկանքը կներկայացնի դատարան։ Նիստից հետ Սեդա Սաֆարյանը, խոսելով գործի մասին, ասաց, որ Եվրոպական դատարանը հինգ հոդվածներով խախտում է ճանաչել՝ խոշտանգում, անձի անձեռնմխելիության իրավունքի խախտում, արդար դատաքննության իրավուքնի խախտում և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների խախտում և հանրահավաքների  ազատության իրավունքի խախտում։ «Ես կարծում եմ, որ այստեղ հիմնականում կարևորվելու է արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Որովհետև արդար դատաքննության խախտման պատճառով է, որ մնացած խախտումները արձանագրվել են։ Որովհետև եթե դատարանը արդարացի մոտենար և տեսներ, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում Մուշեղ Սաղաթելյանը, և դա պայմանավորված է իշխանության կամքով, հաստատ այդ մեղադրանքները չէին դառնա դատական ակտի հիմքում օգտագործելի փաստական հանգամանքներ»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր