Համահայկական խաղերի ընթացքում առաջացած աշխուժության պատճառով հնարավոր անախորժությունները կանխելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, ոստիկանության ողջ անձնակազմը անցնելու է ուժեղացված ծառայության, որը թույլ կտա մարզասերներին առավել անվտանգ ժամանց անցկացնել և լիարժեք զգալ Արցախում տիրող մարզական ոգին:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սույն թվականի օգոստոսի 5-ից 8-ը դադարեցվելու է մայրաքաղաքի Վերածննդի հրապարակ և Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտ տանող բոլոր ճանապարհահատվածների երթևեկությունը: Կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, հնարավորինս զերծ մնալ տրանսպորտային միջոցներ վարելուց և հետամուտ լինել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Ոստիկանությունը անզիջում է գտնվելու բոլոր կարգի իրավախախտումների և դրանք կատարողների նկատմամբ:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Հասարակական կարգի և հասարակության անվտանգության դեմ ուղղված յուրաքանչյուր դեպքի կամ տեղեկության վերաբերյալ խնդրում ենք զանգահարել շուրջօրյա գործող թեժ գծի 9902 կարճ անվճար հեռախոսահամարին։