00:00:00

Ուզում են հնարավորինս սահմանափակել իշխանությանը խայտառակողների ելույթները

17:22, 27 մարտ 2018

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ այն, որ լրագրողների մուտքը փակվում է դեպի կառավարություն, Երևանի քաղաքապետարան, մի քանի մտահոգություններ է առաջացնում: Այս մասին նա նշեց այսօր  ասուլիսին: «Նախ մտահոգությունն այն է, որ խոսքը ՏԻՄ մասին է, որը պիտի ավելի թափանցիկ ու բաց գործունեություն ծավալի, բացի այդ լրագրողները բավականին լավ են լուսաբանել, միայն աջակցել ու օգնել են, որպեսզի ավագանու աշխատանքները լինեն արդյունավետ: Մենք շատ լավ հասկանում ենք այն բոլոր տեխնիկական խնդիրները, որ կարող են առաջանալ, երբ միայն տեսակապով կարողանան լրագրողները հետևել նիստերին»,-ասաց Նավասարդյանը: Հիշեցնենք, որ կառավարության նիստերը, ըստ փոփոխված Սահմանադրության, բաց են լինելու միայն վարչապետի համապատասխան որոշման դեպքում, իսկ Երևանի ավագանու նիստերին լրագրողները հնարավորություն են ունենալու հետևել միայն ուղիղ հեռարձակմամբ, նիստերի դահլիճ չեն կարողանա մտնել: Այս վերջին փոփոխությունն ընդունվեց ԱԺ վերջինս նիստի ժամանակ: Անկախ լրագրող, «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին օրենքում առաջին ընթերցման ժամանակ լրագրողների աշխատանքի մասին որևէ դրույթ չկար, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ ոչ թե ուղղակի փոփոխություններ եղան, այլ օրենքը լրիվ վերաձևակերպվեց ու փոփոխվեց: «Ներկայացվել էր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը այլ կարգավորումներ էր առաջ քաշում, իսկ երկրոր ընթերցմամբ արդեն լրիվ այլ նախագիծ են բերել»,-ասաց Ա. Ղարիբյանը: Բորիս Նավասարդյանը նկատեց. «Առանց որևէ հիմնավորման, մենք կարող ենք ասել, որ առանց առաջին ընթերցման ՀՀ-ում ընդունվել է օրենք»: Արման Ղարիբյանը հիշեցրեց, որ ավագանու վերջին նիստից առաջ որոշ լրագրողներ ակցիա իրականացրին, որը մի մասն էր ընդամենը իրենց պայքարի, նախքան այդ էլ լրագրողական կազմակերպությունները հայտարարություն էին տարածել, որտեղ ասվում էր, որ այս որոշումներն անօրինական են, և հենց դրանք հաշվի առնելով էլ՝ այդ նիստին լրագրողներին թույլ տվեցին մասնակցել: «Խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել, բայց կան չափանիշներ, որ օրինակ՝ սահմանափակումը պետք է սահմանադրական լինի, ժողովրդավարությանն ի նպաստ լինի, իսկ սա ոչ լեգիտիմ նպատակ է հետապնդում: Եթե իրենց համար խնդիր է, որ լրագրողները ֆիզիկապես խանգարում են, այդ դեպքում ՏԻՄ օրենքը նախատեսում է, որ պետք է ղեկավարը պայմաններ ստեղծի. դահլիճը կարելի էր փոխել, այսինքն՝ սրա հետևում  լեգիտիմ նպատակ չկա, բացի այդ  վստահ չենք, թե ինչպիսին կլինի այդ հեռարձակումը»,-իրենց մոտեցումը բացատրեց անկախ լրագրողը: Իսկ Բորիս Նավասարդյանն էլ հավելեց, որ պետք չէ Երևանը բարձր դասել մյուս ՏԻ մարմիններից: Բանախոսները հայտնեցին, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան օրենքը չեղարկելու համար, սակայն դա կարող են անել Մարդու իրավունքների պաշտպանի կամ պատգամավորի օգնությամբ, այսինքն՝ վերջիններս կարող են դիմել ՍԴ: Ի դեպ, այսօր նրանք արդեն հանդիպել են ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, ով ևս կիսել է այս մտահոգությունները, առաջիկայում նա կներկայացնի իր տեսակետը: Հարցին, թե ինչից են վախենում կառավարությունում կամ Երևանի ավագանիում՝ չցանկանալով լրագրողներին ներս թողնել կամ նիստերը փակ անցկացնել, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ առաջին հերթին անձնական խնդիր կա. «Ավագանու անդամներից կան անձինք, ովքեր ներկայացնում են իշխանությունը, բայց իրենց վարվելակերպն ու ելույթները ավելի շատ վարկաբեկում են իշխանությանն: Ուզում են հնարավորինս սահմանափակել այդ ելույթները, պահվածքը: Բացի այդ վերջին ամիսներին ավելի հաճախ են դարձել հանրային շահերին հակասող որոշումները, դրանք ընդունել շատ ավելի հեշտ է, եթե ամբողջ գործընթացն անցնում է փակ դռների հետևում կամ ավելի քիչ հասանելի է լուսաբանման համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր