00:00:00

Եվրամիության երկրները դեռեւս չեն կողմնորոշվել ԱՄՀ ղեկավարի պաշտոնի թեկնածուի հարցում

20:47, 01 օգոստոս 2019 Աշխարհ

Եվրամիության երկրների կառավարությունները, որոնք պայմանավորվել էին մինչեւ հուլիսի վերջը հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պաշտոնում Քրիսթին Լագարդին փոխարինողի անունը, առայժմ չեն կարողացել համաձայնության հասնել: Այս մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությանը: «Այս փուլում, չնայած որոշ թեկնածուներ ավելի մեծ աջակցություն են ստանում, քան մյուսները, լիակատար կոնսենսուս չկա ԱՄՀ ապագա ղեկավարի վերաբերյալ»,- նշել են նախարարությունում: Financial Times պարբերականը հուլիսի 29-ին, վկայակոչելով ԵՄ-ում աղբյուրին, հայտնել էր, որ այս պահին ԱՄՀ տնօրենի պաշտոնում միայն երեք թեկնածու է դիտարկվում: Պարբերականի տեղեկություններով՝ միասնական թեկնածուին ընտրելիս ԵՄ երկրների կառավարությունները գնահատում են Եվրախմբի նախկին նախագահ, Նիդեռլանդների ֆինանսների նախկին նախարար Յերուն Դեյսելբլումի, Համաշխարհային բանկի գլխավոր գործադիր տնօրեն բուլղարուհի Կրիստալինա Գեորգիեւայի եւ Ֆինլանդիայի Կենտրոնական բանկի ղեկավար Օլլա Ռենի թեկնածության առաջադրման հնարավորությունը: ԱՄՀ գործադիր խորհուրդը ավելի վաղ հայտարարել էր կազմակերպության նոր տնօրենի ընտրության գործընթաց սկսելու մասին Քրիսթին Լագարդի փոխարեն, որը հրաժարական էր ներկայացրել՝ կապված Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում իր թեկնածության առաջադրման հետ: Ավանդույթի համաձայն՝ ԱՄՀ ղեկավարի պաշտոնը, որի կենտրոնակայանը Վաշինգտոնում է, զբաղեցնում է Եվրոպայի երկրներից մեկի ներկայացուցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր