00:00:00

Բեռլինը դեմ է, որ Գերմանիան մասնակցի Պարսից ծոցում ԱՄՆ առաքելությանը

02:05, 01 օգոստոս 2019 Աշխարհ

Գերմանիայի փոխկանցլեր եւ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը դեմ է Գերմանիայի մասնակցությանը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գծով ԱՄՆ առաքելությանը, տեղեկացնում է DW-ն։ «Ես դրան թերահավատորեն են վերաբերվում եւ մտածում եմ, որ այդ թերահավատությունը կիսում են շատերը»,- ասել է Շոլցը ZDF հեռուստաալիքի եթերում։ Հարցին, թե արդյոք միասնական գիծ կա այս հարցում ՔԴՄ/ՔՍՄ եւ ԳՍԴԿ կոալիցիոն կառավարության բոլոր անդամների միջեւ, նախարարը պատասխանել է. «Այո, ես նման տպավորություն ունեմ»։ Բեռլինում շատերն են ցանկանում քննարկել Փարիզի եւ Լոնդոնի հետ, թե ինչպես կարելի է հետեւել իրավիճակին Պարսից ծոցում, բայց առաքելություն ուղարկելու մասին խոսք չկա, շարունակել է Շոլցը։ Հարցին, թե արդյոք Վաշինգտոնին պաշտոնապես տվել են մերժման պատասխան առաքելությանը մասնակցության մասին, Շոլցը միանշանակ պատասխան չի տվել՝ նշելով, որ Բեռլինի դիրքորոշումն այս հարցում հայտնի էր նաեւ առաջ։ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է կանխել իրավիճակի սրացումը Պարսից ծոցում, մասնավորապես՝ Իրանի տարաձայնությունների սրումն այլ երկրների հետ, կարծում է նախարարը։ Կարեւոր է նաեւ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի, նշել է նա։ Նախօրեին ԱՄՆ-ը Գերմանիային, Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային առաջարկել էր միանալ Պարսից եւ Օմանի ծոցերն իրար միացնող Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման առաքելությանը։ Ավելի վաղ Լոնդոնն առաջարկել էր այդ նպատակի համար ստեղծել համաեվրոպական առաքելություն։ Այն ժամանակվանից, երբ ԱՄՆ-ը 2018-ին դուրս եկավ Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրից, հակամարտությունները սրվել են Պարսից ծոցի տարածաշրջանում, որոնց մասնակցում են մի շարք պետություններ, նշում են դիտորդները։ Մասնավորապես, հունիսի 13-ին ԱՄԷ-ի եւ Իրանի միջեւ միջազգային ջրերում կատարվել է հարձակում երկու հեղուկանավի վրա, որում Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին։ Հուլիսին Ջիբրալթարի իշխանությունները կալանավորեցին Grace 1 հեղուկանավը՝ կասկածելով, որ այն Սիրիա է  տեղափոխում իրանական նավթ՝ խախտելով ԵՄ պատժամիջոցները։ Երկու շաբաթ անց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները Հորմուզի նեղուցում կալանավորեցին բրիտանական Stena Impero հեղուկանավը՝ նրան մեղադրելով միջազգային նավագնացության կանոնների խախտման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր