00:00:00

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դրամական միջոցների վրա դրված կալանքը չի վերացվի. դատարանը մերժեց միջնորդությունը

23:59, 30 հուլիս 2019 Իրավական

Արդեն մեկ տարի է կալանք է դրված Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դրամական միջոցների վրա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ այս ընթացքում Մանվել Գրիգորյանի բուժման, Գրիգորյանի և նրա կնոջ պաշտպանության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները լուծվել են նրա հարազատների, բարեկամների  ֆինանսական միջոցների հաշվին։ «Սա տևական լինել չի կարող, վտանգի տակ է դրված ինչպես Գրիգորյանի հետագա բուժման հետ կապված ծախսերը, այնպես էլ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի հետագա պաշտպանության հետ կապված խնդիրը։ «Անթույլատրելի է անձին ստիպել երրորդ անձանցից գումար խնդրել կամ պարտքեր կուտակել վճարումներ կատարելու համար՝ այն պարագայում, որ ունենալով անձնական միջոցներ չես կարող տնօրինել դրանք»,–ասաց նա։ Պաշտպանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գույքերի վրա դրված կալանքը ավելի քան բավարար է ինչպես դատական հնարավոր ծախսերն ապահովելու, այնպես էլ հետագայում քաղաքացիական հայցի առկայության պայմաններում փոխհատուցում կատարելու համար։ «Գույքի հնարավոր բռնագրավումն ապահովված է 201 անշարժ և 54 շարժական գույքերով, նման պայմաններում անձին արգելել օգտագործել դրամական միջոցները անգամ պարտադիր դրամական միջոցներ կատարելու համար, հաշվի չառնելով անգամ, որ Գրիգորյանն ունի անչափահաս և ուսանող երեխա՝ զրկելով տարրական հոգսերը տնօրինելու իրավունքից, անթույլատրելի է»,–ասաց նա։ Այսպիսով պաշտպանը միջնորդեց վերացնել Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնել։ Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը լսելով կողմերին, որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ–ի գրությունը և վերացնել Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը՝ ՊԵԿ–ի կողմից այն իրացնելու նպատակով։ Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 20–ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր