00:00:00

Արցախի ՄԻՊ-ը կուսումնասիրի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ոստիկանության ապօրինությունների մասին տեղեկությունը

15:02, 27 մարտ 2018 Իրավական

Արցախի Հանրապետության (ԱՀ) մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական է լինելու ԱՀ ոստիկանության կողմից իր նկատմամբ ապօրինություններ կատարելու մասին Ասյա Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները: Այս մասին ասվում է Արցախի օմբուդսմենի գրասենյակի հայտարարության մեջ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ: «Մարտի 26-ին ժամը 20:20-ին epress.am լրատվականով հրապարակվել է «Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես» վերտառությամբ նյութ, որին կից տեսանյութում ներկայացվել են Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ վերջինիս պնդումները: Ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում: Եթե Ա.Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողությունները անընդունելի են և ենթակա են խիստ իրավական գնահատականի: Միաժամանակ պարզաբանում ենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը տեսանյութում և լրատվական նյութում ներկայացված է ոչ ամբողջական և մասնակիորեն սխալ: Իրականում ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանը Ա.Խաչատրյանին պարզաբանել է նշված իրավիճակում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները, ավելին` խրախուսել է օգտվել դրանցից: Իսկ քաղաքացին նշել է, որ իր պնդումները ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը կներկայացնի գրավոր: Սակայն նշված փաստերով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը որևէ գրավոր բողոք չի ստացել : ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը լինելու է հետևողական Ա.Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները: Քննարկման հետագա ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ: Արցախում իրավական մշակույթի ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը եղել և մնում է ԱՀ մարդու իրավունքների հաստատության հավատամքը և առաջնային առաքելությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր