00:00:00

Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան

23:49, 22 հուլիս 2019 Լեռնային Ղարաբաղ

Ազգային ժողովը հուլիսի 22-ին, ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, գումարել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին տեղեկացնում են ԱՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից: Արտահերթ նստաշրջանը գումարվել է ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով: Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացնելով Ընտրական օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելուց հետո ԱԺ խմբակցությունների և մեկ պատգամավորի կողմից ստացել են երեք տասնյակից ավել առաջարկություններ: Երկու տասնյակից ավել առաջարկություն էլ արվել է հեղինակի կողմից: Նախարարն անդրադարձել է ներկայացված առաջարկներին՝ կարևորելով հատկապես ընտրողների ցուցակների հրապարակմանը, համամասնական ցուցակների կազմմանը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելմանը և հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար ընտրական իրավունքի դյուրացմանը վերաբերող կետերը: Գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը լսելուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Արթուր Թովմասյանը, Էդվարդ Աղաբեկյանը և Աշոտ Ղուլյանը: Եզրափակիչ ելույթում Արարատ Դանիելյանն անդրադարձել է մտքերի փոխանակության ընթացքում հնչած մտահոգություններին և առաջարկություններին: 26 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենսգիրքն ընդունվել է: Արարատ Դանիելյանն այնուհետև ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը 26 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը: ԱԺ քննարկմանը ներկայացնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը՝ կից նախագծերով՝ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, նշել է, որ առաջին ընթերցումից հետո որևէ առաջարկություն չի եղել: ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանը 25 կողմ ձայնով ընդունել է օրենքը: Փակելով նստաշրջանը՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին ու կառավարության ներկայացուցիչներին արդյունավետ աշխատանքի համար և հայտարարել, որ վաղվանից խորհրդարանի պատգամավորների ու աշխատակազմի համար սկսվում է օրենքով սահմանված արձակուրդային շրջանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր