Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ խորհրդարանական կառավարման համակարգին կսկսի անցնել 2018 թ. փետրվարից: Մարտի 2-ին տեղի են ունենալու նախագահի ընտրություններ: Առաջին անգամ երկրի նախագահին ոչ թե քաղաքացիներն են ընտրելու, այլ խորհրդարանը՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Նախագահի թեկնածուն մեկն է՝ Արմեն Սարգսյանը, ով եւ առաջին փուլով կընտրվի չորրորդ նախագահ: Խորհրդարանական երեք խմբակցություններ կողմ են քվեարկելու ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին: Նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին և հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորություններն ու կառավարությունը հրաժարական կներկայացնի:
Ապրիլի 9-16-ի ընթացքում ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն ՀՀ 15-րդ վարչապետի իրենց թեկնածուներին՝ նոր կառավարություն ձևավորելու համար: Թեկնածուներին առաջադրելուց հետո Ազգային ժողովը նիստի ժամանակ պետք է ընտրի վարչապետ, սակայն խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ պետք է նշանակի ՀՀ նախագահը: Նշանակվելուց հետո արդեն ՀՀ վարչապետը 5-օրյա ժամկետում առաջադրելու է փոխվարչապետներին, նախարարների թեկնածուներին և նախագահը նրանց նշանակում է եռօրյա ժամկետում:
Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Կառավարության կազմում սպասվում են էական փոփոխություններ: Գործող նախարարներից մի քանիսը չեն վերանշանակվելու: Մասնավորապես ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը գործադիրի կազմում այլեւս չի լինելու: Տեղեկությունների համաձայն Մկրտչյանը կգործուղվի
«դիվնագիտական թոշակի»։ Մասնավորապես լուրեր են շրջանառվում, որ Մկրտչյանը կնշանակվի դեսպան Մերձավոր արևելյան երկրներից մեկում, ամենայն հավանականությամբ Լիբանանում։ Նոր Կառավարությունում չի լինի նաեւ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Նրա գործունեությունն առհասարակ մշտապես աչքի է ընկել դժգոհություններով, թե հասարակության շրջանում եւ թե կառավարությունում: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետագա պաշտոնավարման հարցը եւս վտանգի տակ է: Չնայած այն հանգամանքին, որ Մինասյանը արդեն իսկ իր հավատարմությունն է հայտնել Սերժ Սարգսյանին, կողմ արտահայտվելով նրա վարչապետությանը, սակայն չի բացառվում, որ նա եւս կհամալրի հեռացողների շարքերը: Տեղեկությունների համաձայն նոր գործադիրի կազմում չեն լինի Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Վերջինս հիշեցնենք մեկ անգամ արդեն հրաժարականի դիմում էր ներկայացրել, սակայն ավելի ուշ փոշմանել:
Փայլակ Ֆահրադյան